ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հողը փչացնելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2013 թվականի փետրվարի 20-ին հանքարդյունաբերական ընկերությանը նախարարության կողմից տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունք՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով, որի ժամկետը 2026 թվականի փետրվարի 8-ին ավարտվել է, սակայն ընկերությունը շարունակել է իր գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Բացի այդ, մեկ այլ ընկերության կողմից 2026 թվականի մարտի 16-ին և 17-ին Լոռու մարզի Թեղուտ բնակավայրի լեռնահանքային համալիրի պոչամբարի տարածքից ապօրինի կերպով՝ առանց համապատասխան թույլտվության, բեռնատար ավտոմեքենաներով հանվել և Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական գործարանի տարածք է տեղափոխվել հողի բերրի շերտի մեծաքանակ զանգված՝ հետագայում ծառատունկ իրակակացնելու ընթացքում օգտագործելու նպատակով:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը մեկ այլ ընկերության պոչամբարի տարածքից տրամադրել է 988,6 մետր քառակուսի մակերեսով սևահողային լեռնային զանգված՝ առաջացնելով հողի դեգրադացում:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 4 մլն 911 հզր 364 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։









