«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկ մեկնելուց առաջ, կարծես, փորձում է վերախմբագրել Ռուսաստանի վերաբերյալ իր նախկին խոսքերի շուրջ ձևավորված քաղաքական պատկերը։
Պատահական չէ, որ հենց այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը հրապարակեց Ալեն Սիմոնյանի և «Ժողովուրդ» օրաթերթի միջև դատական վեճի մասին լուր՝ շեշտադրելով, որ դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին հերքել Սիմոնյանին վերագրված՝ Ռուսաստանի կործանման վերաբերյալ հայտարարությունները։ (Armtimes.com)
Սակայն հրապարակված դատական ակտի հետևում մի ամբողջ պատմություն կա, որի մասին իշխանական լրատվամիջոցը լռում է։
Ի՞նչ էր գրել «Ժողովուրդ»-ը
2025 թվականի հունվարի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը սպասում է Ռուսաստանի կործանմանը՝ նշելով, որ դա բացելու է նոր հեռանկարներ. մանրամասներ փակ նիստից» վերտառությամբ հոդվածը։
Խոսքը հունվարի 23-ին Ալեն Սիմոնյանի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան ութնյակի՝ Nordic-Baltic Eight ձևաչափի խորհրդարանների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ հանդիպման մասին էր։
«Ժողովուրդ»-ի աղբյուրը՝ հանդիպմանը մասնակցած բալթյան երկրներից մեկի խորհրդարանական ներկայացուցիչը, հայտնել էր, որ փակ հանդիպման ընթացքում Սիմոնյանը խիստ հակառուսական գնահատականներ է հնչեցրել։ Մեր հրապարակման համաձայն՝ խոսք էր գնացել Ռուսաստանի պարտության ու հնարավոր կործանման և դրա հետևանքով Հայաստանի ու բալթյան երկրների համար նոր հեռանկարների մասին։
Դեռ հրապարակումից առաջ «Ժողովուրդ»-ը դիմել էր նաև Ալեն Սիմոնյանի խոսնակին՝ ներկայացնելով տեղեկությունը և հնարավորություն տալով արձագանքել։ Պատասխանը եղել էր, որ ԱԺ նախագահը նման հայտարարություններ չի արել։ Այսինքն՝ նյութում ներկայացված էր նաև Սիմոնյանի կողմի պաշտոնական դիրքորոշումը։
Հրապարակումից հետո Ալեն Սիմոնյանը պահանջեց հերքում, ապա դիմեց դատարան։
Իսկ որտե՞ղ է փակ հանդիպման ձայնագրությունը
Դատական վեճի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի համար առանցքային խնդիր էր պարզել՝ ի վերջո ի՞նչ է բառացիորեն ասել Ալեն Սիմոնյանը փակ հանդիպման ընթացքում։
Խմբագրությունը Ազգային ժողովից պահանջել էր հանդիպման տեսագրությունը կամ ձայնագրությունը, որը կարող էր վերջնականապես պատասխանել այս հարցին։ Սակայն այն «Ժողովուրդ»-ին չտրամադրվեց։
Այսինքն՝ խմբագրությունը զրկված մնաց ամենաուղիղ ապացույցը դատարանին ներկայացնելու հնարավորությունից։
«Ժողովուրդ»-ը, այնուամենայնիվ, գտավ հանդիպմանը ներկա մեկ այլ անձի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։
Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ տեսազրույցում հաստատել էր, որ փակ հանդիպման ընթացքում իսկապես Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության հասցեին բավականին կոշտ արտահայտություններ է հնչեցրել։









