Սիրողական որսաշրջանի մեկնարկով պայմանավոՍված՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ որսահանդակներում իրականացվող խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում Վայոց Ձորի մարզում արձանագրել է որսի սահմանված կանոնների խախտման 2 դեպք։
Տեսչական մարմնից հայտնում են, որ օգոստոսի 29-ին Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է Հ․Ս․-ի կողմից թույլատրված չափաքանակից ավել որսված լորի տեսակի 6 թռչյուն։ Օգոստոսի 30-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ Արենի-Եղեգնաձոր հատվածում ստուգման ենթարկված Հ․Կ․-ի վարած «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է չափաքանակից ավել որսված թխակապույտ աղավնու նմանվող 1 թռչյուն։
Ապօրինի որսված թռչուններն ու որսագողության գործիք հանդիսացող 1 հատ երկփողանի 12տմ և 1 հատ մեկ փողանի 16տմ որսորդական զենքերն առգրավվել են։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Որսագողության գործիք հանդիսացող որսորդական զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն Դատարան։









