Foto

Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը

Մահացել է անվանի բալետի արտիստ, Հայաստանի ԽՍՀ վաստակավոր արտիստ Սերյոժա Պետրոսյանը։ Այս մասին հայտնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։

Նշվում է, որ նա իր ստեղծագործական ուղին նվիրել է բալետային արվեստին և թատրոնի բեմին՝ կերտելով տասնյակ հիշարժան դերեր։

«Խոր վշտով տեղեկացանք անվանի բալետի արտիստ, Հայաստանի ԽՍՀ վաստակավոր արտիստ Սերյոժա Պետրոսյանի մահվան մասին։ Իր ողջ ստեղծագործական ճանապարհը նա նվիրեց բալետային արվեստին և Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմին՝ թողնելով տասնյակ հիշարժան դերեր և գեղեցիկ ստեղծագործական ժառանգություն։

Սերյոժա Պետրոսյանի անունը կմնա հայկական բալետի պատմության մեջ՝ որպես տաղանդավոր արտիստի, նվիրյալ արվեստագետի և իր գործին անմնացորդ ծառայած մարդու։ Ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան։

Հավերժ հիշատակ»,- ասված է հաղորդագրությունում։