«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, թե իրենք գտնելու են այն ԱԱԾ-ականին, ով (իբր թե, շեշտենք՝ իբր թե) տեղեկության արտահոսք է թույլ տվել, վարչապետերեն ասած՝ «սլիվ» է արել: Ու այդ արտահոսքից նախագահ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները նախապես տեղյակ են եղել փաշինյանական իշխանության իրավապահների առավոտ-գիշերհանա խուզարկությունների մասին: Նաև սպառնաց, որ «խլուրդներին» հայտնաբերելու են, պատժելու են, ինքը մտնելու է ենթակա կառույցների շենքեր, և ով դեմը դուրս գա, գործից ազատելու է և էլի նման սպառնալիքներ՝ իր «կրքոտ» ոճով:
Նրա ասածը, որքանով էլ , մեղմ ասած, սխալ, անթույլատրելի ու քննադատելի է հնչում, այս դեպքում կարևոր է այն առումով, որ փաստացի հենց ինքն էր գործնականում արտոնել, որ ԱԱԾ ցանկացած աշխատակից ինչ ու երբ ուզում է՝ արտահոսեցնի կամ «սլիվ» անի:
Երկրորդը, որ շատ ավելի էական է: Կոնկրետ խուզարկությունների մասին «աշխատանքային» տեղեկատվության կարծեցյալ արտահոսքի հետ կապված: Ամենևին բարդ չէ պարզել, թե հատկապես ով, երբ ու որտեղ է այդ «սլիվն» արել: Մենք նույնիսկ անվանապես կարող ենք նշել «սլիվ» անողին: Նիկոլ Փաշինյանին պարզապես պետք է կանգնել հայելու առաջ: Ախր հենց ինքն էր Քոչարյանների վրա հարձակման նախօրեին ԱԺ-ում հրահանգներ տալիս այդ թեմաներով: Հիմա Հայաստանում ապրող ցանկացած մարդու համար ի՞նչ մի բարդ բան է, մանավանդ առկա բազում նախադեպերի վրա հիմնվելով, եզրակացնել, որ դրան հաջորդելու են «մասկի-շոու» զանգվածային հարձակումներ: Եզրակացնել ու թեթևակի ծաղրելով կամ գուցե առանց ծաղրի նշույլի դռան վրա մի գրություն փակցնել՝ «բարի գալուստ». 12 ժամ հետո չգան, 24 ժամվա մեջ հո կգան: Կրկնենք՝ օրինակները բազմաթիվ են: Այնպես որ, իրավապահ համակարգից որևէ «սլիվի» կարիք դժվար թե լինի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում









