Foto

Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում

Ներկայումս կրկին ակտիվացել են iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները: Այս մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից։

«Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող ֆիշինգային հղումներ։ Դրանց միջոցով հանցավորները փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները՝ հետագայում ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություն ստանալու դեպքում

  • Մի՛ բացեք հաղորդագրության մեջ նշված հղումները։
    • Մի՛ մուտքագրեք անձնական, բանկային կամ այլ զգայուն տվյալներ։
    • Տեղեկությունը ստուգեք միայն համապատասխան պետական մարմնի պաշտոնական աղբյուրներից։
    • Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը և նշեք հաղորդագրությունը որպես Spam/Junk։
    • Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ՝ անմիջապես կապվեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

Հիշե՛ք․ պետական մարմինների անունից ստացված հաղորդագրության առկայությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Միշտ ստուգեք ուղարկողի և հղման իսկությունը»։