Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանին, հայտնում է apsny.ge-ն։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ պաշտոնական այցի շրջանակում երկու գերատեսչությունների ղեկավարները աշխատանքային հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև դրանց հետագա խորացման հեռանկարները։
Կողմերն ընդգծել են երկու երկրների հետախուզական և ուժային կառույցների միջև կառուցողական երկխոսության և սերտ համագործակցության կարևորությունը՝ միջազգային անվտանգության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործընթացում։
Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել խորացնել համագործակցությունը առաջնահերթ ուղղություններով։
Վրաստան կատարած այցի շրջանակում Քրիստինե Գրիգորյանը պատվիրակության հետ այցելել է նաև հետախուզական գործակալություն, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել դրա ղեկավարության հետ։









