Foto

«Հրապարակ». Բանակում և ՊՆ-ում, զինվորականների շրջանում մեծ դժգոհություն է առաջացել նախարարի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում` ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերն ամենից շատ են զայրացնում հանրությանը, և երեկվա միջադեպը, երբ բեռնատարի տակ ընկած զինվորներից մեկը մահացել էր, երկուսի վիճակը շատ ծանր էր, մյուսները վնասվածքներ էին ստացել, պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջի ալիք առաջացրեց:

Օգոստոսի 20-ին Ճամբարակի զորամասում տեղի ունեցած դաժան վրաերթն ու մահվան դեպքը Սուրեն Պապիկյանի համար կարող են ճակատագրական լինել: Հատկապես դեպքի վերաբերյալ դաժան մանրամասների մասին լուրերը հանրության շրջանում մեծ դժգոհության ալիք առաջացրին: ՊՆ-ի մեր աղբյուրն ասում է, որ բանակում և ՊՆ-ում, զինվորականների շրջանում ևս մեծ դժգոհություն է առաջացել նախարարի դեմ, քանի որ ակնհայտ է՝ նա չի կարողանում բարդ և պատասխանատու այս համակարգը ղեկավարել: Մենք տեղեկացանք, որ հատկապես Ճամբարակի դեպքից վրդովված են զինծառայողների ծնողները, նրանցից մեկը հայտարարել է, որ նախարարությանը դատի է տալու»։