Foto

Մահացած զինվորը՝ Սուրենը, 1 ամսվա ծառայող էր․ ըստ լուրերի՝ զինվորները պատժված են եղել, վազել են հակագազերով ու չեն նկատել բեռնատարը․ Արամ Գևորգյան

Ճամբարակի վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանն ապրում էր Ձորաղբյուրում, գրել է բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը։

Նրա տեղեկություններով՝ անցած տարի էր ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, տարկետում էր ստացել մի տարով՝ սրտի խնդիրների պատճառով։

«Այս տարի հուլիսի 22-ին զորակոչվել էր բանակ։ Փաստացի՝ 1 ամսվա զինծառայող էր։ Ուներ իրենց մեկ տարի փոքր եղբայր՝ Վոլոդյա Վարդանյան։ Ծնողներն ունեն առողջական խնդիրներ, ապրում էին եղբայրների աշխատանքով։

Ըստ լուրերի՝ զինվորները պատժված են եղել և զորամասից դուրս տարածքում, ճանապարհի վրա, վազել են հակագազերով, այդ իսկ պատճառով էլ չեն լսել ու նկատել մոտեցող բեռնատարը։ Վիրավոր զինվորներից մեկի մոր խոսքերով՝ իր որդին «հոդվածավորված» է եղել և ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից», - գրել է Գևորգյանը։

Հիշեցնենք, որ «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների։ Նրանցից մեկը մահացել է։

ՊՆ-ից հայտնել են, որ վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։ 

Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ: