Foto

«Մալիշկայի համար սա բացառիկ երևույթ է». Վարչական ղեկավարը՝ գյուղում շրջող «ուրվականի» մասին

Արդեն երկու օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վայոց ձորի Մալիշկա գյուղում տարօրինակ դեպք է տեղի ունենում գիշերվա ժամերին։

Ինչպես Գագիկ Շամշյանն էր գրել, արդեն 10 օր է՝ գյուղի բնակիչներն ասում են, որ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին։

168.amը Մալիշկայի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանից հետաքրքրվեց, թե այս պահին ի՞նչ իրավիճակ է գյուղում, արդյո՞ք ոստիկանները հայտնաբերել են տվյալ անձին։

Գարիկ Նազարյանն ասում է՝ այդ լուրերը մի քիչ չափազանցված են․ գյուղում համատարած խուճապ կամ վախի մթնոլորտ չկա։

«Տվյալ անձը չի հայտնաբերվել։ Երեկոյան ժամերին անհայտ անձը մոտեցել է գյուղի մի քանի տներին, թակել դռներն ու լուսամուտները։

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, ֆիզիկական բռնություն կամ վնաս չի գրանցվել։ Հիմնական խնդիրը բնական անհանգստությունն է, որն առաջացել է անհայտ անձի անսպասելի գործողությունների հետևանքով, բայց հաճելի չէ նման երևույթը, ժամ առաջ այս ամենը պետք է ավարտվի»,- նշեց Մալիշկայի վարչական ղեկավարը։

Ըստ նրա, «մեծ հաշվով, ասելու շատ բան չկա. դեպք է, որն ավելի շատ աղմուկ է առաջացրել,  բայց կարծում եմ՝ լուրջ վտանգ չի ներկայացնում»։

«Իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել թե՛ոստիկանության, թե՛ տեղի բնակիչների ջանքերով։ Իրավապահ մարմինները տեղում են, ակտիվ շրջագայություններ ու ծառայություն են իրականացնում գյուղի տարածքում։

Գյուղի երիտասարդները միացել են գործընթացին՝ կամավոր կերպով շրջելով և հետևելով անվտանգությանը։

Մեծահասակները և միայնակ մնացողները, բնականաբար, որոշակիորեն անհանգստացած են, սակայն իրավիճակը կառավարելի է։

Մալիշկայի համար սա բացառիկ երևույթ է՝ գյուղի պատմության մեջ նմանատիպ դեպք երբևէ չի գրանցվել, և սա առաջին անգամն է։ Ավելին, գյուղում չկա որևէ հաշվառված կամ հայտնի անձ, ով կարող էր խնդիրներ ունենալ և նման վարքագիծ դրսևորել»,- ընդգծեց Գարիկ Նազարյանը։