Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ակնկալում է F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ տված խոստման կատարում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Էրդողանն ընդգծել է, որ այդ պարտավորության կատարումը կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար։ Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգի առավել կարևոր հարցերին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ դրանք բազմաթիվ են՝ առանձնացնելով պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև առևտրաշրջանառության ուղղությամբ արդեն ձեռնարկված և նախատեսվող քայլերը։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Իսրայելը թուրք-ամերիկյան հարաբերությունների այս օրակարգի մաս չի կազմում։
«Այստեղ մեր զրուցակիցն Ամերիկան է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ Անկարան իր քայլերը ձեռնարկում է և շարունակելու է ձեռնարկել Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսության միջոցով։









