Foto

Պաղեստինի փոխնախագահը դատապարտել է Իսրայելի ոստիկանության լիազորություններն Արևմտյան ափում ընդլայնելու որոշումը

Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն աշ-Շեյխն օգոստոսի 14-ին դատապարտել է Իսրայելի կառավարության և պաշտպանության նախարարի որոշումը՝ օկուպացված պաղեստինյան հողերի վրա կառուցված իսրայելական բնակավայրերում իրավապահ լիազորություններն Իսրայելի ոստիկանությանը փոխանցելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Հայտարարության մեջ աշ-Շեյխը նշել է, որ այս քայլը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի բանաձևերի և ստորագրված համաձայնագրերի կոպիտ խախտում է։ Նա հավելել է, որ սա Իսրայելի օրենքն ու ինքնիշխանությունն օկուպացված Արևմտյան ափի, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի նկատմամբ պարտադրելու և պաղեստինյան հողերի անօրինական բռնակցումն ամրապնդելու նոր փորձ է։

Պաշտոնյան շեշտել է, որ գաղութացումն իր բոլոր դրսևորումներով անօրինական է, և որ Իսրայելը չունի ինքնիշխանություն 1967 թվականին օկուպացված Պաղեստինի տարածքի որևէ մասի նկատմամբ։

Փոխնախագահը կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, պատասխանատվություն ստանձնել՝ դադարեցնելու Իսրայելի ձեռնարկած այս միակողմանի և վտանգավոր միջոցառումները, և ստիպել Իսրայելին հետևել միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի բանաձևերին։

Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հանձնարարել է Իսրայելի պաշտպանության բանակին (ԻՊԲ) պատրաստել ծրագիր՝ Արևմտյան ափի իսրայելցի բնակիչների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության լիազորություններն Իսրայելի ոստիկանությանը փոխանցելու համար։

«ԻՊԲ-ի դերը պաղեստինյան ահաբեկչության դեմ պայքարն է և սահմանների ու համայնքների սպառնալիքներից պաշտպանության վրա կենտրոնանալը»,- նշվել է Կացի հայտարարության մեջ։