Foto

ՀՀ-ի և Ալբանիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկկողմ համագործակցությունը

Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ֆերիտ Հոջանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման առթիվ սիրով հղում եմ Ձեզ իմ ջերմագին շնորհավորանքները՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ Ձեր նոր մանդատի ընթացքում։

Համոզված եմ, որ Դուք կշարունակեք առաջ մղել Հայաստանի բարեփոխումների օրակարգը, խորացնել Հայաստանի գործընկերությունը եվրոպական և միջազգային գործընկերների հետ և Ձեր կարևոր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման գործում։

Վստահ եմ, որ Ալբանիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ, և ակնկալում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատել՝ մեր երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու, ինչպես նաև միջազգային և բազմակողմ հարթակներում մեր համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների»,- ասված է Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի ուղերձում։