Foto

Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից օգոստոսի 3-ին փախուստի դիմած կալանավորին արդեն 10 օր է, ինչ իրավապահներին չի հաջողվում հայտնաբերել։ Ըստ էության, թեև տաք հետքերով անձին չեն հայտնաբերել, իրավապահներն այս փուլում նաև զերծ են մնում նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց, անգամ պարզ չէ՝ անձն այժմ Հայաստանի տարածքում, թե ոչ։ Գրում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Ավան նստավայրից կալանավորը դիմել է փախուստի։ Պարզվել էր, որ նախաձեռնված քրեական վարույթով բացակայելու արգելք խափանման միջոց ընտրված անձի նկատմամբ կայացվել է դատավճիռ՝ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում, սակայն մինչ դատավճիռը ուժի մեջ մտնելը խափանման միջոց է ընտրվել կալանք։

Դատական նիստի ավարտից հետո վերջինս նիստերի դահլիճից դիմել է փախուստի։ Դատական կարգադրիչների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ ՔԿ-ում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) և 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը)։

Քննչական կոմիտեից  հայտնել են, որ անձը դեռևս չի հայտնաբերվել։