Foto

Ես ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին․ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարությամբ է հանդես եկել.

«Քանի որ վերջին շրջանում փորձ է արվում բարեգործությունը ներկայացնել այլ մեկնաբանություններով, ուզում եմ իմ մտքերը ներկայացնել այս կարևոր հարցի վերաբերյալ։

Տարիներ առաջ ասել եմ ու հիմա վերահաստատում եմ. բարեգործությամբ երկիր չես պահի։

Երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, նոր ստեղծվող աշխատատեղերով, նոր տնտեսական հզորություններով, առողջ տնտեսական միջավայրերով և կառավարման էֆեկտիվ համակարգերով։

Բայց բարեգործությամբ դու կարող ես օգնել հազարավոր մարդկանց, կարող ես օգնել մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և այլ ոլորտների զարգացմանը։ Դու կարող ես փրկել կյանքեր, կառուցել եկեղեցիներ, տպագրել գրքեր, նկարահանել ֆիլմեր, հնարավորություններ ստեղծել կրթություն ստանալու, բեմադրել ներկայացումներ, անել այլ կարևոր գործեր։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Եվ խնդիրն ամենևին փողի չափի մեջ չէ։ Ես գիտեմ հարյուրավոր հայ տղերքի, ովքեր հենց սկսել են կայանալ, ձգտել են իրենց քաղաքի կամ գյուղի համար մի բարի բան անել։ Փառք ու պատիվ նրանց։

Նրանց կողքին մենք գիտենք Մանթաշովի անունը, որի շնորհիվ բազմաթիվ հայ տաղանդներ կրթվեցին աշխարհով մեկ ու հայ ժողովրդի անունը բարձր պահեցին։ Մենք գիտենք Քըրք Քըրքորյանի անունը, որն իր պատմական հայրենիքին ահռելի գումարներ նվիրաբերեց։ Մենք գիտենք Սամվել Կարապետյանի անունը, որն իր բնավորության համաձայն, առանց բարձրաձայնելու, Հայաստանում և Արցախում արել է աննկարագրելի ծավալի բարեգործություն։

Ես իմ արածների մասին չեմ խոսի։ Ինչ եմ արել ես Հայաստանում՝ պատմությունը կգնահատի. ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ։ Բայց մի թեմա պիտի բացեմ։

Երկար տարիներ ինձ մի միտք էր տանջում. ինչո՞ւ պետք է միշտ միայն սփյուռքը օգնի Հայաստանին։ Մենք ունենք հայկական աշխարհ, և եթե աշխարհի տարբեր հատվածներում հայերը ժամանակ առ ժամանակ ունենում են օգնության կարիք, ինչո՞ւ Հայաստանից էլ որևէ մեկը օգնության ձեռք չմեկնի։ Եթե անկախության սկզբնական շրջանում դա ուներ բացատրություն, ապա հետագայում սա իներցիոն սխալ էր։ Ընդ որում՝ կոպիտ սխալ։

Մի պահից ես որոշեցի փոխել այս ավանդույթը։ Ու որոշեցի ինքս լինել հայաստանցի այն բարեգործը, ով օգնում է աշխարհի տարբեր ծայրերում դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։ Այդպես ես՝ Հայաստանում ծնված ու կայացած Գագիկ Ծառուկյանս, օգնել եմ պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայի մեր հայրենակիցներին, Լիբանանի մեր հայրենակիցներին, Իրանի հայ համայնքին, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների հայ համայնքներին, տարբեր երկրներում ֆինանսական խնդիրների առաջ հայտնված հայկական վարժարաններին, դպրոցներին, աշխարհի տարբեր երկներում մեր եկեղեցիներին ու հայկական համայնքներին։

Հայկական աշխարհի միասնականությունը նաև նման քայլերով է ստեղծվում և ամրապնդվում, երբ աշխարհի ցանկացած ծայրում դժվարության հանդիպած հայը ստանում է հայրենիքի հայի աջակցությունը։

Նորից եմ կրկնում. բարեգործությունը փողի չափի հետ կապ չունի։ Բարեգործությունը օգնում է ձևավորել ավելի լավ հասարակություն, իրար հարգող, իրար օգնության ձեռք մեկնող հասարակություն։ Ես տարբեր առիթներով ասել եմ, որ չի լինում մենակի երջանկություն։ Պարզապես չի կարելի ապրել խոզի նման, մտածել միայն սեփական շահի մասին ու անտարբեր լինել քո երկրի, քո ժողովրդի հոգսերի հանդեպ։ Ես մեծացել եմ դժվար ապրող, համեստ ապրող ընտանիքում, բայց տեսել եմ, որ մայրս հացի մի կտորը միշտ առանձնացնում էր ավելի վատ ապրողների համար։ Ես ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին։ Իմ որդիները, վստահաբար, կանեն նույնը։ Բարեգործություն բառացի նշանակում է բարի գործ։ Բարի գործն առաջին հերթին բարի մտադրությունն է՝ հանուն երկրի, հանուն ժողովրդի ապագայի։ Դա սրտից բխող ձգտում է, որն ամեն մեկն իրականացնում է իր կարողությունների չափով։ Բարի մտադրությունների խրախուսումը կարևոր է երկրում մթնոլորտը փոխելու համար, միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար։ Սրա հակառակը պառակտումն է և թշնամանքը, որը Հայաստանի համար կործանարար է»,-ասված է հայտարարության մեջ։