Foto

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Լիտվա

Եվրոպական միության՝ «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանային կառավարման, փաստաթղթերի անվտանգության  և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի շրջանակներում 2026 թվականի օգոստոսի 3–ից 7-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Լիտվայի Հանրապետությունում։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության պետական սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ Ռուստամաս Լյուբաևասի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացվել են Լիտվայի պետական սահմանապահ ծառայության կառուցվածքը, հիմնական խնդիրներն ու գործառույթները, ինչպես նաև սահմանային իրավիճակը և ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։

Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է պետական սահմանապահ ծառայության Վիլնյուսի սահմանապահ շրջան, սահմանային անցակետեր, Վիլնյուսի օդանավակայանի սահմանային կայարան, ինչպես նաև պետական սահմանապահ ծառայության դպրոց և ավիացիոն վարչություն։

Այցերի ընթացքում ներկայացվել են սահմանապահների պատրաստման համակարգը, սահմանային վերահսկողության կազմակերպման առանձնահատկությունները, ավիացիոն ստորաբաժանումների գործունեությունը, ինչպես նաև պետական սահմանի պահպանության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցներն ու ժամանակակից լուծումները։

Այցերի ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության, սահմանային վերահսկողության կազմակերպման, անձնակազմի մասնագիտական պատրաստության, սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական կարողությունների զարգացման և երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Այցը գնահատվել է արդյունավետ և նպատակային՝ ապահովելով փորձի փոխանակման ու երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար անհրաժեշտ հիմքերը։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու և զարգացնելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական սահմանապահ ծառայության միջև ձևավորված համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։