Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում իրավիճակը չափազանց բարդ է։ Բաքվից 200 կիլոմետր հարավ մոլեգնում է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմը։ Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է 200 կիլոմետր հյուսիս․ թուրքական «Միլլիեթ» թերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմաթ Հաջիևը։
Մեկնաբանելով «Մոսադի» կողմից ադրբեջանական տարածքն օգտագործելու մեղադրանքները՝ նախագահի օգնականը նշել է, որ պաշտոնական Բաքուն Իրանը համարում է եղբայրական երկիր։
«Մեր եղբայրները ապրում են սահմանի մյուս կողմում՝ Արազ գետից այն կողմ։ Նախ, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար հիմնարար սկզբունքներ են։ Երկրորդ, Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի հարևան երկրի դեմ։ Երրորդ, մենք բարոյական պարտականություն ունենք այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ։ Ինչպես արդեն ասացի, սահմանի մյուս կողմում ապրողները, անկախ իրենց ազգությունից կամ կրոնից, մեր եղբայրներն են։ Ինչպե՞ս կարող ենք դա թույլ տալ։ Չորրորդ, ինչպե՞ս է դա հնարավոր տեխնիկական տեսանկյունից։ Ինչպե՞ս են նրանք այստեղ հասնելու Իսրայելից։ Նրանք պետք է անցնեն Թուրքիայի միջով։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը թույլ չեն տա դա։ Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ։ Այստեղ կան նաև կեղտոտ քարոզչության տարրեր», – ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։









