Foto

Մոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով Հարությունյան

Մոտեցել է ազգովի սթափվելու պահը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին Բ անունով Հայոց Կաթողիկոս չի ճանաչում։
Այս հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է ընտրություններին հաջորդող ժանակաշրջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը։

Այն որ Եկեղեցու դեմ այդ արշավը հակասահմանադրական է՝ նույնիսկ կասկած չի հարուցում։

Ցավոք, կասկած չի հարուցում նաեվ այն, որ գործող իշխանությունը «թքած ունի» Սահմանադրության եվ սահմանադրականության վրա։
Ավելին, իշխանությանը չի կաշկանդում, որ իր այդ ապազգային վարքագծով ավելի է խորացնում պառակտումը հայ հասարակության շրջանում, բաժանարար պատնեշներ ձեվավորում աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների միջեվ։ Մինչդեռ հայության միասնականությունը շատ կարեվոր գործոն է Հայաստանի հանդեպ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համազգային հավաքական կարողությունների ձեվավորման խնդրում։ Այլեվս միայն մտոք կույր լինելու դեպքում է հնարավոր չգիտակցել, որ Փաշինյանին իշխանությունն անհրաժեշտ է Հայաստանի պետական ինստիտուտները կաթվածահար անելու եվ Հայաստան Պետության վերջնական կազմաքանդման համար (այսօր առանց բացառության պետական բոլոր ինստիտուտները գործում են ոչ թե Սահմանադրությամբ եվ օրենքով իրենց վերապահված իրավասության շրջանակներում, այլ՝ մեկ անձի սուբյեկտիվ ցուցումներով)։

Այս իրավիճակը այլ կերպ քան պետականության ճգնաժամ՝ չես անվանի։

Ահա այդ ճգնաժամը «հաջողությամբ»կառավարելու անհրաժեշտ նախապայմանը՝ ազգի եվ հասարակության ջլատումն ու պառակտումն է։

Հայոց Հովվապետի դեմ արշավանքը նպատակ ունի կազմաքանդել նաեվ ազգային այն ինստիտուտը, որին վերապահված է համազգային հոգեվոր միասնականության ապահովման եվ ազգապահպանության հույժ կարեվոր առաքելությունը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ապազգային այս արշավանքը Հայոց Անկախ Պետականության կործանման գործընթացն ավարտին հասցնելու իշխանության վերջին ճիգն է։

Մոտեցել է ազգովի սթափվելու պահը»։