ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանում Եվրամիությանը միանալու հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
Նա նշել է, թե Պուտինը և Փաշինյանը «քննարկել են երկրների երկկողմ հարաբերությունները»։
«Զրույց է տեղի ունեցել ԵվրազԵՍ-ի երկրների ղեկավարների կողմից Հայաստանի վերաբերյալ վերջերս ընդունված հայտարարության վերաբերյալ։ Ընդգծվել է Հայաստանում շուտափույթ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ որոշելու համար, թե որ ուղղությամբ է ցանկանում գնալ Հայաստանը»,- ասել է նա։
Նշենք, որ հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում ԵՄ-ին առնչվող որևէ հարց չի քննարկվել։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների կողմից մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։









