Foto

Բրիտանիայում սպանել են հայտնի պահպանողական գործիչ Էնն Ուիդիքոմբին

Մեծ Բրիտանիայում սպանվել է Reform UK կուսակցության խոսնակ Էնն Ուիդիքոմբը։

Մեծ Բրիտանիայի Նյուտոն Էբոթ քաղաքում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել 26-ամյա մի տղամարդ, որը կասկածվում էր աջ պոպուլիստական Reform UK կուսակցության խոսնակ Էնն Ուիդիքոմբի սպանության մեջ։

78-ամյա Ուիդիքոմբի մարմինը հուլիսի 9-ին հայտնաբերվել է նրա տանը՝ Հեյթոր Վեյլ բնակավայրում, որը գտնվում է Դարթմուր ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում։ Սակայն ոստիկանությունը դեպքի մասին պաշտոնապես հայտնել է միայն հուլիսի 10-ին՝ կասկածյալի ձերբակալությունից հետո։ Դևոնի և Քորնուոլի ոստիկանության գլխավոր կոնստեբլի օգնական Մեթ Լոնգմանի խոսքով՝ կինը ստացել էր «ծանր մարմնական վնասվածքներ»։

Ավելի ուշ, շաբաթ օրը, ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ սպանության կասկածանքով ձերբակալված «սպիտակամորթ բրիտանացի» տղամարդն այլևս չի համարվում գործով կասկածյալ և ազատ է արձակվել։ Հանցագործության դրդապատճառների և սպանության հանգամանքների մասին ոստիկանությունը մանրամասներ չի հայտնել։ Քննությունը շարունակվում է։

Ուիդիքոմբը վերջին տարիներին հայտնի էր որպես աջ պոպուլիստների խոսնակ

Էնն Ուիդիքոմբը 1987-2010 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր՝ ներկայացնելով Պահպանողական կուսակցությունը։ Նա հայտնի էր աբորտի իրավունքի և ԼԳԲՏ համայնքի իրավունքների ընդլայնման կոշտ քննադատությամբ։ Ուիդիքոմբը նաև մահապատժի վերականգնման հետևողական կողմնակից էր, թեև դեմ էր էվթանազիայի օրինականացմանը։

1990-1997 թվականներին նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ Ջոն Մեյջորի կառավարությունում՝ եղել է սոցիալական ապահովության, զբաղվածության և ներքին գործերի նախարարությունների փոխնախարար։

Խորհրդարանից հեռանալուց հետո Ուիդիքոմբը մեծ ճանաչում է ձեռք բերել բրիտանական Strictly Come Dancing և Celebrity Big Brother հեռուստանախագծերին մասնակցելով։ Հետագայում նա միացել է Նայջել Ֆարաջի ղեկավարած «Բրեքզիթ» կուսակցությանը Եվրոպական խորհրդարանում, իսկ 2023 թվականից դարձել էր Ֆարաջի հիմնադրած Reform UK կուսակցության խոսնակը, որը հայտնի է իր կոշտ հակամիգրացիոն հռետորաբանությամբ։

Բրիտանիայի ղեկավարները ցավակցել են

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Ուիդիքոմբի մահը «իսկապես ցնցող լուր է»։

«Կարծում եմ՝ ինչպես իմ, այնպես էլ բոլորիս մտքերն այժմ նրա ընտանիքի և ընկերների հետ են այս սարսափելի պահին։ Տարիներ շարունակ նա եղել է աչքի ընկնող քաղաքական գործիչ՝ բազմաթիվ ձեռքբերումներով, և սա հսկայական կորուստ է», – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Սթարմերը նաև ընդգծել է, որ երկրի օրենսդիրների անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունեցող հարց է և կոչ արել քաղաքական տարաձայնություններից վեր դասել ընդհանուր արժեքները։

Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտարարել է, որ խորապես ցնցված է Ուիդիքոմբի մահվան լուրից՝ հավելելով, որ «հանրային կյանքում գտնվող մարդկանց կյանքն այժմ դարձել է էլ ավելի վտանգավոր»։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ևս արձագանքել է դեպքին՝ Ուիդիքոմբին անվանելով «Բրեքզիթի հերոսական կողմնակից և փայլուն հռետոր, որն այնքան էր ոգեշնչում պահպանողական լսարանին, որ նրա ելույթից հետո խոսելը չափազանց դժվար էր»։