Foto

Փողը որոշիչ չէր, բայց Եվրոպայի դռները դեռ բաց են. նոր մանրամասներ Սպերցյանի տրանսֆերից

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը որոշում է կայացրել տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի», քանի որ վերջին տարիներին եվրոպական ակումբներից կոնկրետ առաջարկներ չեն եղել։ «Матч ТВ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ «Կրասնոդարի» սանը ցանկացել է փոխել միջավայրը, սակայն ապագայում Եվրոպայում խաղալու նպատակը դեռ ուժի մեջ է:

Հիշեցնենք, որ Սպերցյանի՝ «Ալ Ահլի» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվեց այսօր՝ հուլիսի 7-ին։

«Սպերցյանը միջավայրը փոխելու մեծ ցանկություն ուներ, քանի որ նույն ակումբում 15-16 տարի անցկացնելուց հետո մոտիվացիա գտնելը շատ բարդ է. նրան նոր մարտահրավեր էր պետք:

Սաուդյան Արաբիայում առաջարկվող ֆինանսական պայմանները որոշում կայացնելիս վճռորոշ դեր չեն խաղացել։ Էդուարդը պատրաստ էր ավելի քիչ աշխատավարձով խաղալ Եվրոպայում, սակայն այնտեղից իրական առաջարկներ չեղան՝ ամեն ինչ մնաց միայն խոսակցությունների մակարդակում։

Հենց այս պատճառով էլ նա նման ընտրություն կատարեց. Սպերցյանն արդեն հոգնել էր երրորդ տարին անընդմեջ նույն խոսակցությունները լսելուց։ Եթե Սաուդյան Արաբիայում նա իրեն լավ դրսևորի, չի բացառվում, որ ապագայում տեղափոխվի Եվրոպա, քանի որ նա դեռևս ունի այդ ցանկությունը»,- նշել է աղբյուրը:

26-ամյա Սպերցյանը 2024/25 մրցաշրջանում, որպես թիմի ավագ, օգնեց «Կրասնոդարին» նվաճել ակումբի պատմության առաջին չեմպիոնական տիտղոսը։ Իսկ արդեն 2025/26 մրցաշրջանում հայ կիսապաշտպանը դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը (16 գոլային փոխանցում) և լավագույնը «գոլ+փոխանցում» համակարգով՝ վաստակելով 29 միավոր (13 գոլ և 16 արդյունավետ փոխանցում):