Foto

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին

Աշխատանքային այցով Բեյրութում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին հուլիսի 7-ին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն, անդրադառնալով երկու պետությունների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերություններին, վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցել Լիբանանին, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների հասցեագրման համատեքստում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում հետագա փոխգործակցության հեռանկարներին։

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների միջև քննարկումները բարձրագույն մակարդակով շարունակելու կարևորությունը: