Ինչպես հայտնի է` գլոբալ տաքացումը պայմանավորված է մթնոլորտում առկա ու մարդու տնտեսական գործունեության շնորհիվ աստիճանաբար ավելացող, այսպես կոչված ջերմոցային գազերի կողմից տաքացած Երկրի արձակած ջերմության մի մասի կլանմամբ։
Իսկ որոնք ջերմոցային հիմնական գազերը և ինչ մեխանիզմով են նրանք առաջանում։ Այս և մի շարք դրա հետ առնչվող հարցերի կփորձենք պատասխանել մեր հերթական զրույցի ընթացքում։
Նախ որոնք են հիմնական ջերմոցային գազերը։ Ածխածնի երկօքսիդը ամենատարածված ջերմոցային գազն է ու այն մթնոլորտ է նետվում հիմնականում հանածո վառելիքի՝ ածխի, նավթի, գազի այրման և անտառահատումների հետևանքով։ Դրա առաջացման հիմնական աղբյուրներն են էլեկտրաէներգիայի արտադրությունը, տրանսպորտը, արդյունաբերությունը և այլն։
Մեթանը ևս ունի ջերմոցային երևույթ առաջացնելու մեծ ներուժ։Այն մասնավորապես առաջանում է գյուղատնտեսությունից՝ անասնապահություն,բրնձի դաշտեր, աղբավայրերում՝ թափոնների քայքայումից, ինչպես նաև բնական գազի արդյունահանումից և փոխադրումից։
Ջերմոցային գազերի թվին է դասվում ազոտի ենթօքսիդը,որի հիմնական աղբյուրներն են ազոտային պարարտանյութերի օգտագործումը, ինչպես նաև արդյունաբերությունը։
Ֆտորացված գազերը նույնպես ունեն ջերմոցային հատկություններ։ Դրանք հիմնականում արհեստական ծագման գազեր են, որոնք մասնավորապես օգտագործվում են սառնարանային համակարգերում, օդորակիչներում, և արդյունաբերության մեջ։ Թեև դրա ծավալը համեմատաբար փոքր է,բայց այդքանով հանդերձ նրանք բավականին ուժեղ են ազդում ջերմոցային էֆեկտի վրա։
Անկասկած պետք է նշել ջրային գոլորշու մասին, որի քանակը մթնոլորտում կարգավորվում է ջրի ջերմաստիճանով։ Ջրային գոլորշին ունի ջերմությունը պահելու ընդգծված հատկություն։
Հաշվարկները և մշտադիտարկումները ցույց են տալիս, որ մոլորակի վրա գործող էներգետիկայի ոլորտը գլոբալ տաքացման գլխավոր պատասխանատուն է ու դրան բաժին է հասնում ջերմոցային գազերի արտանետումների մոտ 75 տոկոսը։
Երկիր մոլորակի վրա գործում է ավելի քան 10000 տարբեր տեսակի ու հզորության ջերմային էլեկտրակայաններ, որոնք աշխատում են ածխով, բնական գազով,նավթով և այլն։
Միայն ածխով աշխատող ջերմային էլեկտրակայանների քանակը աշխարհում շուրջ 2500 է, որոնք ունեն ավելի քան 14500 առանձին էներգաբլոկներ։ Չինաստանում կա ավելի քան 1195 գործող ածխային կայան,որը ապահովում է համաշխարհային էլեկտրաէներգետիկայի կեսից ավելին։
Հնդկաստանում գործում է ավելի քան 200 խոշոր ածխային կայան, իսկ ԱՄՆ-ում կան 200-250 գործող ածխային կայաններ և հարյուրավոր բնական գազով աշխատող էլեկտրակայաններ։
Ջերմաէլեկտրակայանների տարեկան արտանետումների ծավալը կախված է այրվող վառելիքի տեսակից, կայանի հզորությունից և դրա օգտագործման ինտենսիվությունից։ ՋԷԿ-երը տարեկան մթնոլորտ են արտանետում 13-14 միլիարդ տոննա ածխաթթու գազ։Ընդ որում ածխով աշխատող ՋԷԿ-երը ամենաաղտոտողն են և 1 կՎտժ-ի արտադրման համար արտանետում են 850-1000 գ ածխաթթու գազ։
Աշխարհում ներքին այրման շարժիչով՝ բենզին, գազ, դիզել աշխատող ավտոտրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը մոտ 1,5 միլիարդ է։
Եթե կատարենք պարզագույն հաշվարկներ, ապա կպարզվի, որ նման մեքենան միջինում տարվա ընթացքում անցնում է մոտ 15000 կմ ճանապարհ, իսկ մի օրվա ընթացքում մթնոլորտ է արտանետում մոտ 12,6 կգ աշխաթթու գազ։Մեկ մեքենայի կողմից տարվա ընթացքում աշխաթթու գազի արտանետումները կլինի 4,6 տոննա։ Իհարկե դժվար չէ այդքանից հետո հաշվել, որ մեկ տարվա ընթացքում ավտոտրանսպորտի կողմից գումարային արտանետումները կկազմի մի քանի միլիարդ տոննա։
Բացի ջերմոցային ածխաթթվից, վառելիքով աշխատող մեքենաները օդ են արտանետում այսպես կոչված շարժիչային գազը, որը թունավոր է և առաջանում է վառելիքի թերայրումից,ազոտի օքսիդներ, որոնք առաջացնում են թթվային անձրևներ ու սմոգ,ինչպես նաև մուր ու փոշի, որոնք նաև թափանցում են մարդու շնչառական համակարգ։
Գյուղատնտեսության մեջ մեթան ջերմոցային գազի հիմնական աղբյուրներն են անասնաբուծությունը և բրնձի դաշտերը։
Որոճող կենդանիները իրենց մարսողական համակարգի առանձնահատկություններով սնունդը մարսելիս արտադրում են մեթան,որը մթնոլորտ է անցնում հիմնականում բղկոցների միջոցով։
Հայտնի է նաև, որ մեկ կովը տարեկան արտադրում է 70-120 կգ մեթան գազ, որը իր ջերմոցային հատկություններով տասնապատիկ ավելի ագրեսիվ է քան օրինակ ածխաթթուն։ Ի դեպ ըստ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի/IPCC/՝ 100 տարվա կտրվածքով մեթանը ավելի ուժեղ է տաքացրել մոլորակը, քան ածխաթթու գազը։ Այնպես որ, եթե մեկ կովի տարվա ընթացքում արտադրած ասենք 100կգ մեթանը բազմապատկենք 28-ով կստանանք 2,8 տոննա համարժեք ածխաթթու։
Աշխարհում կովերի միջին թիվը 1,5 միլիարդ է ու նույն քանակությամբ էլ վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցներ կան։ Դա նշանակում է,որ անասնապահությունը մոլորակի տաքացման գլխավոր գործոններից մեկն է։
Ի դեպ գոմաղբը այժմ էլ օգտագործվում է բիոգազի կայաններում, որի դեպքում մեթանը մթնոլորտ չի արտանետվում, այլ այրվում է՝ արտադրելով էլեկտրաէներգիա և ջերմություն։
Այստեղ կա նաև կարևոր տարբերություն, եթե մեքենայի արտադրած ածխաթթուն մթնոլորտում մնում է հարյուրավոր տարիներ, ապա մեթանը քայքայվում է մոտ 10-12 տարում։ Նկատենք նաև, որ գիտնականները հատուկ կերային հավելումների միջոցով /օրինակ ջրիմուռներ/ մոտ 80 տոկոսով հնարավոր են համարում կովերի կողմից մեթանի արտանետումների կրճատումը։
Ջրով ծածկված բրնձի դաշտերում ստեղծվում է հատուկ բակտերիաների համար այնպիսի բարենպաստ միջավայր, որտեղ օրգանական նյութերը քայքայվում են՝արտադրելով նաև մեթան։
Կամո Աթայան









