Հուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը։
Այս տարի առաջին անգամ ընդունելության գործընթացն ամբողջությամբ կիրականացվի my.emis.am հարթակում՝ թվայնացման նոր հնարավորությունների կիրառմամբ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների տնօրենների հետ՝ ներկայացնելով մասնագիտական ուսումնական հաստատությունների 2026 թվականի ընդունելության նոր կարգն ու թվայնացված գործընթացը։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս տարի ընդունելության գործընթացը բաղկացած է լինելու երկու փուլից։ Առաջին փուլում ծնողները պետք է գրանցվեն համակարգում, այսինքն՝ նախ նույնականացվեն՝ գրանցվելով my.emis.am հարթակում, որից հետո կկարողանան սկսել բուն ընդունելության հայտագրումը։
Հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման համակարգը՝ տեխնիկական մանրամասներով:
Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։









