Անտվերպենի Համաշխարհային ադամանդի կենտրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ բացառիկ շքեղ մատանի է նվիրել։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Խոսքը 18 կարատանոց ոսկուց պատրաստված մատանու մասին է, որը զարդարված է 321 բնական ադամանդով և ևս 75 թանկարժեք քարերով։ Այն ստեղծել է Անտվերպենի ոսկերիչ և ադամանդագործ Դավիդ Գոթլիբը։ Մատանու դիզայնը ոգեշնչված է ամերիկյան Super Bowl-ի հաղթողների չեմպիոնական մատանիներից և խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության 250-ամյակը։
Հաղորդվում է, որ Թրամփը չի կարողացել անձամբ մեկնել Բրյուսել, քանի որ ղեկավարում էր ԱՄՆ-ում անցկացվող տոնական միջոցառումները։ Նրա փոխարեն նվերը նախագահի անունից ընդունել է ԱՄՆ դեսպան Բիլ Ուայթը՝ այն անվանելով մեծ պատիվ։ Թրամփը նույնպես տեսաուղերձով շնորհակալություն է հայտնել Անտվերպենի ադամանդի ոլորտի ներկայացուցիչներին։
«ԱՄՆ-ն սերունդներ շարունակ մեր կարևորագույն առևտրային գործընկերն է։ Անտվերպենում վաճառվող բնական ադամանդների զգալի մասը վերջնականապես հասնում է ամերիկացի ոսկերիչներին և սպառողներին։ Այս մատանիով մենք ցանկացել ենք ընդգծել մեր ամուր տնտեսական հարաբերությունները և միաժամանակ ցույց տալ, թե ինչ է խորհրդանշում Անտվերպենը համաշխարհային ասպարեզում՝ վստահություն, վարպետություն և բնական ադամանդների իրական արժեք», — հայտարարել է Համաշխարհային ադամանդի կենտրոնի նախագահ Իսիդոր Մյորսելը։
Ավելի վաղ՝ հունիսին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նույնպես G7 («Մեծ յոթնյակ») գագաթնաժողովի ընթացքում Դոնալդ Թրամփին անսովոր նվեր էր մատուցել։









