«Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև նախօրեին ստորագրված համաձայնագրով՝ հայկական ընկերությունը կոմերցիոն հիմունքներով տարանցիկ ինտերնետի մատակարարում է իրականացնելու Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։ Սա բացառապես բիզնես գործարք է, որն ազգային անվտանգությանն առնչվող որևէ ռիսկ չի առաջացնում։
Փարատելով գործարքի վերաբերյալ Հայաստանի հանրության մտահոգությունները՝ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Team Telecom Armenia-ի համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը։
– Ադրբեջանի ո՞ր հատվածին է նախատեսվում ինտերնետ տրաֆիկ ապահովել ստորագրված պայմանագրով և ի՞նչ ծավալի կամ հզորության տրաֆիկի մասին է խոսքը։
– Ապահովում ենք տրաֆիկի տարանցում Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։ Այսինքն՝ Team Telecom Armenia-ն ինտերնետ տրաֆիկ է վաճառելու Ադրբեջանին: Հարկ է նշել, որ միջազգային կապուղիները գործում են որպես փոխլրացնող երթուղիներ։ Ժամանակակից հեռահաղորդակցական ցանցերում տրաֆիկը կարող է փոխանցվել տարբեր ուղղություններով՝ կախված տեխնիկական և օպերացիոն պայմաններից։
Նոր միացումները ընդլայնում են հասանելի հնարավորությունները և մեծացնում ցանցի ճկունությունը։ Տրանզիտ ծառայությունների տրամադրման համար ցանցերը միմյանց հետ պետք է ունենան ֆիզիկական համակցում սարքավորումների, մալուխների մակարդակով։
Սա ինտերնետ ծառայություն չէ, տվյալների տրանզիտի ծառայություն է, որը իրականացվում է կետից կետ՝ DWDM տեխնոլոգիայով: Ադրբեջանական կողմը հասանելիություն կստանա վայրկյանում 100 գիգաբայթ արագության մալուխին, այլ ոչ թե տվյալներին։
– Գործարքը չունի՞ ազգային անվտանգությանն առնչվող ռիսկեր։
– Ինտերնետն այնպես է աշխատում, որ աշխարհում գործող բոլոր հանգույցները իրար հետ կապ ունեն։ Այս համագործակցությունը չի նախատեսում երկրների միջև տվյալների փոխանակում, սա պարզապես ինտերնետի տրանզիտի պայմանագիր է:
Քանի որ ինտերնետ տրաֆիկի վաճառքը հիմնականում իրականացվելու է «Տելեկոմ Արմենիա»-ից՝ դիմացի կողմի համար պոտենցիալ ռիսկերն ավելի բարձր են: Հեռահաղորդակցական ենթակառուցվածքների նախագծման և շահագործման ընթացքում անվտանգության պահանջները մշտապես առաջնահերթություն են: Նոր կապուղիների ստեղծման նպատակն է բարձրացնել ցանցի դիմակայունությունը և նվազեցնել կախվածությունը առանձին ուղղություններից՝ ապահովելով ավելի բազմազան և կայուն ենթակառուցվածք։
– Կարելի՞ է ասել, որ սա զուտ բիզնես գործարք է, որում հայկական կողմի շահը բացառապես ֆինանսական է։
– Այո, բիզնես գործարք է, համաձայնագիրը կոմերցիոն հիմունքներով է: Միաժամանակ, ավելի մեծ միջազգային թողունակությունը և լրացուցիչ երթուղիները նպաստում են ծառայությունների ավելի բարձր կայունությանը, ցանցի կայունությանը և միջազգային կապի որակի բարելավմանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։









