Foto

Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կնքված վերջին պայմանագրերը և ուշագրավ փաստեր արձանագրել։ Պարզվում է՝ երկրի գլխավոր ֆինանսական գերատեսչությունը, որը կոչված է մշակելու և իրականացնելու պետական ֆինանսական քաղաքականությունը, սեփական կարիքների համար միլիոնավոր դրամների խորհրդատվական ծառայություններ է ձեռք բերում արտաքին մասնագետներից։

Խոսքը վերաբերում է 2026 թվականի հունիսի 10-ին կնքված պայմանագրերին, որոնք առնչվում են Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի կառավարման (ԿՖԿՏՀ) ծրագրին։

Մասնավորապես, նախարարությունը ՀՀ քաղաքացի Լուսինե Միքայելյանի հետ այս տարվա հունիսի 4-ին կնքել է 4 մլն 40 հազար դրամ արժողությամբ պայմանագիր՝ ֆինանսական մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։ Պայմանագրում, մասնավորապես, նշված է. «Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի կառավարման (ԿՖԿՏՀ) ծրագրի ֆինանսական մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման պարտավորությունը»։

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ֆինանսական մասնագետի ծառայություն է ձեռք բերել պայմանագրային հիմունքներով։

Սակայն սա միակ դեպքը չէ։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ նույն օրը նախարարությունը մեկ այլ պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացի Հասմիկ Օրդուխանյանի հետ՝ գնումների մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման նպատակով։ Պայմանագրի արժեքը կազմել է 13 մլն 56 հազար դրամ։

Պայմանագրում նշվում է. «Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի կառավարման (ԿՖԿՏՀ) ծրագրի գնումների մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման պարտավորությունը»։

Փաստացի, նախարարությունը, որի հիմնական գործառույթների շարքում են պետական ֆինանսների և գնումների համակարգերի կառավարումն ու վերահսկողությունը, նշված ծրագրի շրջանակներում ներգրավել է արտաքին խորհրդատուների՝ ֆինանսական և գնումների մասնագետների ծառայություններ ստանալու նպատակով։ Ընդ որում, երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 17 մլն դրամ։

Այս հանգամանքը հարցեր է առաջացնում պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Եթե ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից ստանում է զգալի ֆինանսավորում, ունի բազմաթիվ վարչություններ, բաժիններ և մասնագիտական ստորաբաժանումներ, ապա ինչո՞ւ են նման գործառույթների իրականացման համար լրացուցիչ միլիոնավոր դրամներ վճարվում արտաքին խորհրդատուներին։

Հատկանշական է նաև, որ վերջին տարիներին հանրային քննարկումների առարկա են դարձել նախարարության ղեկավար կազմի և աշխատակիցների պարգևավճարները։ Հասարակության շրջանում հատկապես լայն արձագանք էր ստացել այն տեղեկությունը, որ ամանորյա պարգևատրման շրջանակում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստացել էր շուրջ 10 միլիոն դրամի պարգևավճար։

Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է մեկ այլ ուշագրավ փաստ։ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում նախարարության բյուջեի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության վերջին թարմացումը կատարվել է դեռևս 2022 թվականին։ Էկրանապատկերը ներկայացված է։

Ստացվում է, որ պետական ֆինանսական քաղաքականության, հաշվետվողականության և թափանցիկության հիմնական պատասխանատու գերատեսչությունը սեփական բյուջետային տվյալների հրապարակման հարցում տարիներ շարունակ չի ապահովել տեղեկատվության արդիականացումը։ Սա այն դեպքում, երբ հենց ֆինանսների նախարարությունն է պետական մարմիններից պահանջում հաշվետվողականություն, ֆինանսական կարգապահություն և թափանցիկություն։

Թեև արտաքին խորհրդատուների ներգրավումը միջազգային ծրագրերի շրջանակներում ընդունված պրակտիկա է, այնուամենայնիվ, փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախարարությունը միլիոնավոր դրամներ է վճարում այնպիսի մասնագիտական ծառայությունների համար, որոնք, ըստ էության, անմիջականորեն առնչվում են հենց իր հիմնական գործունեության ոլորտին։

Այդ դեպքում ինչո՞վ են զբաղված Ֆիննախի աշխատակիցները, որոնք աշխատավարձից բացի նաև շռայլ պարգևներ են ստանում։ Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության կազմում կա նաև վերահսկողական լուրջ կառույց, որը ևս չի կարողանում փաստացի ծառայություն մատուցել Ֆիննախին։

ՀՀ ֆինանսների նախարարությունից այս առիթով պարզաբանել են «Ժողովուրդ» օրաթերթին, որ. «ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ ՖՆ) և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶԵՀ) միջև 2024 թ. ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՖՆ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև 2024 թ. կնքվել է հիշյալ նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր), որով, որպես դրամաշնորհի տրամադրման պայման, սահմանվել է, որ հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող նախագծերի գնումները կազմակերպվելու են ԿԶԵՀ գնումների ընթացակարգերով, որոնք էականորեն տարբերվում են «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության շրջանակներում գործող ներպետական կանոններից։ Այսինքն՝ արտաքին խորհրդատուների ներգրավումն ուղղակիորեն բխում է դրամաշնորհային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից, իսկ այդ պարտավորությունները խախտելը, ի թիվս այլ հետևանքների, կարող է հանգեցնել նախագծի ֆինանսավորման կասեցման կամ ոչ նպատակային ծախս ճանաչվելու ռիսկերի»»։