Foto

ԵՄ-ն արտակարգ օգնություն է պատրաստում Հայաստանի համար՝ ՌԴ-ի ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու համար․ FT

ԵՄ-ն արտակարգ առևտրային օգնություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու համար, քանի որ Բրյուսելն ու Մոսկվան մրցակցում են կովկասյան հանրապետության ապագայի վրա ազդեցության համար։  Այս մասին ասվում է Financial Times-ի անդրադարձում։

Ծրագրերին ծանոթ չորս աղբյուրների համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովը մշակում է, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը: Այս նախաձեռնությունը պատասխան է Ռուսաստանի կողմից Հայաստանի վերջին ընտրություններից առաջ սահմանված ներմուծման սահմանափակումներին, որոնք, Բրյուսելի կարծիքով, ուղղված էին երկրի արևմտամետ կառավարության վրա ճնշում գործադրելուն։ «Հիմա ժամանակն է, որ մենք առաջ շարժվենք և աջակցենք նրանց, ցույց տանք, որ կարող ենք լինել հուսալի գործընկեր։ Նրանց ընկերներ են պետք, իսկ մենք պետք է պաշտպանենք մեր հարևաններին»,- ասել է աղբյուրներից մեկը։

Միջոցառումները, որոնք պահանջում են անդամ պետությունների մեծամասնության ու Եվրախորհրդարանի հաստատումը, կընդգրկեն ռուսական արգելքների թիրախում գտնվող շուրջ 20 ապրանքային կատեգորիաների մեծ մասը, որոնց տարեկան արժեքը կազմում է շուրջ 420 միլիոն եվրո՝ ըստ երկու աղբյուրների։ Բրյուսելը մտահոգված է, որ Մոսկվան կարող է ուժեղացնել իր առևտրային ճնշումը նախկին խորհրդային հանրապետության վրա, հավելել են աղբյուրները։ Երկու այլ աղբյուրների համաձայն՝ առաջարկները կարող են ներկայացվել մի քանի շաբաթվա ընթացքում։ ԵՄ արտաքին գործերի նախարարները երկուշաբթի Լյուքսեմբուրգում քննարկել են այս հարցը Հայաստանի ԱԳ նախարարի հետ, հայտնել են պաշտոնյաները: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, իր հերթին, պատրաստվում է այցելել Հայաստան հաջորդ ամսվա սկզբին:

«Հանձնաժողովը կառաջարկի ինքնավար առևտրային միջոցառումներ՝ օգնելու ավելի շատ հայկական բիզնեսների մուտք գործել ԵՄ նոր շուկայական հնարավորություններ և աջակցելու երկրի տնտեսությանն այնտեղ, որտեղ այն ամենաշատն է տուժել»,- FT-ին ասել է հանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը։ FT-ն գրում է, որ Հայաստանը Ռուսաստանի գլխավորած մաքսային միության մաս է կազմում, որը «Մոսկվային խեղդող վերահսկողություն է տալիս երկրի ներմուծման և արտահանման նկատմամբ», ինչպես նաև բարդացնում է ԵՄ-ի ջանքերը՝ Երևանի հետ արտոնյալ առևտրային համաձայնագրեր կնքելու համար։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում Ռուսաստանը տարբեր արգելքներ կիրառեց՝ սկսած հայկական ծաղիկներից՝ վկայակոչելով բուսասանիտարական մտահոգությունները։ Շուտով ձեռնարկվեցին հանքային ջրերը, գինին ու կոնյակը, մրգերը բանջարեղենը, ինչպես նաև թարմ ձուկը թիրախավորող միջոցառումներ: Քվեարկությունից երեք օր առաջ ԵՄ-ն հայտարարեց ֆինանսական օգնության և հազարավոր ծաղիկների գնման մասին, որոնք նախկինում ուղարկվում էին Ռուսաստան։

Երկու պաշտոնյաներ նշել են, որ կոնյակը, որը Հայաստանի հիմնական արտահանումներից է, որոշակի մարտահրավերներ է առաջացնում ԵՄ պաշտոնյաների համար աջակցության միջոցառումներ մշակելու հարցում՝ հաշվի առնելով կոնյակի արտադրության կարևորությունը Ֆրանսիայի համար։ Դժվարություններ կան նաև ծով ելք չունեցող երկրից փչացող ապրանքների տեղափոխման հարցում՝ Թուրքիայի կամ Վրաստանի միջոցով