Երևանն առաձգական չէ, և մեքենաների անդադար հոսքը մայրաքաղաք օրեցօր ավելանում է, գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։
«Լուծումներից մեկն, իհարկե, նոր կամ այլընտրանքային ճանապարհների կառուցումն է, ինչն, օրինակ, Դանիել Իոաննիսյանն իր գրառման մեջ, հերթական անգամ «էքսպերտի» դիրքերից հիշատակում է, ավելին՝ հեգնում քաղաքապետին, թե ավելի էժան առաջարկ ունի՝ գնդակահարել ավտոմոբիլիստներին՝ մեկնաբանելով խցանումների դեմ պայքարում Երևանի կենտրոնում ավտոմոբիլների շարժը սահմանափակելու մտադրության մասին քաղաքապետի հայտարարությունը:
Իհարկե, անհաջող հումոր է, պարոն Իոաննիսյան, բայց խորհուրդ ենք տալիս զբաղվել բացառապես ձեր մասնագիտական ոլորտին առնչվող հարցերով և հեգնելուց ուշադիր ու փոքր-ինչ զուսպ լինել, ավտոմոբիլիստներին գնդակահարելու «հումորը» խոսում է ագրեսիայի մասին, զգույշ եղեք, պարոն Իոաննիսյան: Երևանում նոր ճանապարհներ կառուցվում են և դրանցից մեկը՝ Իսակովն Արշակունյացին կապող ճանապարհն է, որն, անշուշտ, էականորեն կբեռնաթափի այդ հատվածը, բայց եթե բոլոր հնարվոր ճանապարհներն ու էստակադաներն էլ կառուցվեին, միևնույն է, միայն այդ տարբերակով հնարվոր չէր լինի կառավարել մայրաքաղաքի ավտոմոբիլային ահագնացող հոսքը: Քաղաքապետարանը հետամուտ է լուծել Երևանում խցանումների խնդիրը և դիտարկում է հնարավոր բոլոր գործիքները՝ մայրաքաղաքում հարմարավետ երթևեկություն ապահովելու համար»,-նշել է նա։
Ավելի վաղ Իոաննիսյանը գրել էր. «Քաղաքապետ Ավինյանը հայտարարել է, որ խցանումների դեմ պայքարում մտադիր են սահմանափակել ավտոմոբիլների շարժը Երևանի կենտրոնում։
Հասկանալի է, որ խաչմերուկների թողունակությունը բարձրացնող հանգույցների ու էստակադաների կառուցման, մետրոների մոտ կայանատեղիների ստեղծման, շրջանցիկ ճանապարհների ու կամուրջների կառուցման փոխարեն արգելել-սահմանափակելը հեշտ է։
Բայց ես ավելի էժան առաջարկ ունեմ. գնդակահարել ավտոմոբիլիստներին։ Այո-այո, եթե քաղաքապետարանը սկսի ավտոմոբիլիստներին գնդակահարել, խցանումների հարցը շատ արագ կլուծվի։ Փամփուշտի գինն էլ մի 200 դրամ է, թանկ բան չի։
Կա նաև ուրիշ առաջարկ. քանդել փողոցներն ու դրանք դարձնել աներթևեկելի։ Լավ խորը քանդել ու չսարքել, որ միայն ոտքով, ձիով, էշով ու ուղղաթիռով լինի շարժվել... Ինչպես Սարալանջ-Փափազյան-Ավետիսյան խաչմերուկն են արել։
Ի վերջո, կա ևս մի ավելի նուրբ տարբերակ. արգելել խադավիկներին ու շարունակել վատթարացնել ճանապարհային մակերևույթի որակը։ Շատ շուտով Երևանում քշվող ավտոմոբիլ չի մնա»։









