Ընտրություններին վերջնական գնահատական կարող եմ տալ միայն ընդդիմության գնահատականից հետո, իրենք պետք է անալիզ անեն և երբ հայտարարեն, որ կա անհամապատասխանություն, նոր այն ժամանակ կարող ենք խոսել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Սակայն, ըստ Աղազարյանի, ընտրություններն անցել են տոտալ բռնաճնշումների, անարդար ու անհավասար պայմաններում։
Պատգամավորը շեշտեց՝ ընտրության նման արդյունքի մասին ինքը պարբերաբար զգուշացրել է, և դրանից խուսափելու համար Ասլանյանի հետ առաջարկել են ընդդիմությանը հանդես գալ մեկ ճակատով. «Մենք ասել ենք, որ եթե ընդդիմությունը չհամախմբվի, ապա այդպիսով նպաստելու են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Հիմա սպասում ենք գնահատականներ տալուն»։
Հարցին՝ ինչո՞ւ ընդդիմությունը չընդունեց իրենց առաջարկը և չմիավորվեց՝ Աղազարյանը պատասխանեց.
«Դա մեր մենթալիտետին հատուկ բան է, բոլորս էլ հասկանում ենք դա, սակայն հետևություններ չենք անում։ Դա պայմանավորված է նրանով, որ շատերն ուզում էին, որ «դևին» սպանողն իրենք լինեն, «կինոյի տղան» իրենք լինեն, որ որևէ մեկի վրա այդ փառքի նշույլը չլինի։ Սակայն «դևին» չհաջողվեց սպանել։ Եվ եթե ինչ-որ մեկը «դևին» սպաներ, հետո էլ ինքն էր դառնալու «դև», բայց եթե միասնական ճակատի ֆորմատով լիներ, այդպիսի բաներ չէին լինի։
Սիրուն աղջիկները չէին սիրահարվի «դևին» սպանողին, կասեին՝ նա էլ է մասնակցել, մյուսն էլ է մասնակցել, հետևաբար մեկին փառքը չէր հասնի, մյուսների վրա էլ շողքը գցեր, և այդ «դև» դառնալու ցանկությունը կդառնար երկրորդական»։









