Foto

ԲՀԿ-ն ստանում է ահազանգեր, որ օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների տարբեր օղակների հարձակումով. Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը տարածքային կառույցների շտաբերի ներկայացուցիչներից ստանում է բազմաթիվ ահազանգեր, որ օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների տարբեր օղակների հարձակումով, այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը։

«Մասնավորապես՝ ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների բերման ենթարկումով, կալանավորումներով։

Վաղ առավոտից սկսվել է տոտալ հարձակում՝ ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց, շտաբերի, ենթաշտաբերի պատասխանատուների նկատմամբ։ Տարատեսակ շինծու և մտացածին մեղադրանքներով մեր համակիրները, կուսակից ընկերները, մարզերում իրենց գործունեությունն իրականացնող շտաբերի պատասխանատուները մասսայաբար բերման են ենթարկվում»,-ասաց Տոնոյանը։

Նշեց՝ այս իրավիճակը կանխատեսելի էր. նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում նմանատիպ գործելաոճը ավանդական էր դարձել։