Foto

Վաղը լռության օր է, բայց խոսելու է մեր խիղճը, հիշողությունը, խոսելու են տղաները, որոնց հայրենիք ենք պարտք. Մանե Թանդիլյան

Վաղը լռության օր է։ Վաղը ինքներս մեզ հետ խոսելու օրն է։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Ես դիմում եմ քեզ՝ իմ ընկեր, իմ բարեկամ, իմ թանկագին հայրենակից, որ այս ամենօրյա աղմուկի մեջ չգիտես ինչպես վարվել ․․․

Այդ լռության մեջ ծանրութեթև արա այն ամենը, ինչ լսեցիր, տեսար ու զգացիր քարոզարշավի աղմկոտ օրերի ողջ ընթացքում։ Ուրախ ավտոբուսների ու բռնազբոս պարերի զավեշտն անզոր եղավ քողարկելու ատելության խոսքը, բռնությունն ու անարդարությունը, որ օրեր շարունակ սղոցեցին մեր ականջները, մթագնեցին մեր գիտակցությունը, դարձրին անհաշտ այս մղձավանջային իրականության հետ։

Հիշիր, թե ինչ էին խոստանում մեզ ութ տարի առաջ, ինչ էին խոստանում հինգ տարի առաջ, և թե ինչ ունենք հիմա։ Հիշիր, թե ինչպես են փոխվել արժեքները, խմբագրվել խոստումները, ինչպես են պառակտել և ատելություն սերմանել մարդկանց մեջ, ինչպես են փորձել մեզ համոզել, որ ազգային արժանապատվությունը երկրորդական է, իսկ հայրենիքի նկատմամբ պահանջատիրությունը՝ անհարմար։

Այդ լռության մեջ մտաբերիր զոհվածի քաշքշվող մոր հայացքը, անհետ կորածի հոր վշտահար դեմքը, հայրենազրկված արցախցի երեխայի տխուր աչքերը։ Հիշիր Եռաբլուրի Նոր տարիները, հիշիր դատարաններում նստած մեր սրբազաններին, հիշիր Բաքվի բանտերից մեզ ամրություն մաղթող հայ գերիներին։

Հիշիր նաև այն Հայաստանը, որի մասին երազում էինք։ Հիշիր այն Հայաստանը, որտեղ հավատում էինք, որ վաղն ավելի լավն է լինելու, քան այսօր։

Վաղը լռության օր է, բայց խոսելու է մեր խիղճը, հիշողությունը, խոսելու են տղաները, որոնց հայրենիք ենք պարտք։ Ականջալուր եղիր հենց նրանց։

Ու կլսես, թե ինչպես են նրանք ասում, որ հունիսի 7-ին քո ձեռքում սովորական քվեաթերթիկ չի լինելու, այլ՝ մեր երկրի վաղվա օրը, և ընտրություն՝ շարունակե՞լ այս ծանր ու նվաստացուցիչ ընթացքը, թե՞ բացել ազգային վերածննդի նոր էջ։

Գնա ընտրության, բարեկամս, և կասկած չունեմ, որ քո գիտակցված ընտրությունը լինելու է ազգադավ իշխանության հեռացման համար՝ հանուն ուժեղ պետության, ազգային արժեքների, արդարության և արժանապատիվ ապագայի՝ Ապրելու և Ուժեղ Հայաստանի։

Միայն թե՝ գնա՛ ընտրության․․․»,-գրել է նա։