Foto

Հասել է ժամը, ձեր անվաճառելի խոսքն ասեք այս կարևոր փուլում ևս. Բագրատ Սրբազանի կոչը՝ տավուշցիներին

Կալանավայրում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի միջոցով իր կոչն է փոխանցեռլ տավուշցիներին.

«Սիրելի՛ հարազատներ, իմ սիրելի՛ տավուշցիներ,

Սրտի խորքից ողջ սիրով ողջույններ եմ հղում ձեզ մեր պատմության այս վճռորոշ հանգրվանում:

Ես մշտապես ասել եմ, որ դուք հայության ինքնատիպ նկարագիրն եք կրում, և հասել է ժամը նաև ձեր նկարագրին հարազատ, ձեր անվաճառելի խոսքն ասեք մեր հայրենիքի ազատագրության այս կարևոր փուլում ևս:

Դուք տարիներ շարունակ կյանքով վճարել ու վկայել եք` պաշտպանելով մեր երկրի սահմանները, թիկունք լինելով նաև մեր Արցախ աշխարհին:

Դուք կանգնել եք արտաքին թշնամու դեմ, այսօր ժամն է կանգնելու ներքին թշնամու դեմ:

Չեք վախեցել, և ոչ միայն չեք վախեցել, այլ բազուկը հաղթել է ադրբեջանական հրոսակներին, իսկ այսօր ձեր բազուկը կոչված է վերջ դնելու ներքին ադրբեջանական հրոսակին:

Չեմ ուզում երկար գրել, բայց հիշեք` մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն և այդ խոսքը պիտի լինի հաղթական:

Եվ դարձյալ ասում եմ` Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի, և Հայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի:

Անպայման գնացեք ընտրության, և, վստահ եմ, կընտրեք Հայաստանը: Միասին կարող ենք»։