Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում։ 21-րդ դարում ՝ 2,000 տնակ։ Այս մասին Գյումրում հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ իշխանության գալով առաջին հերթին լուծելու են բնակարանային ապահովվածության խնդիրը։
Կարապետյանը ասաց, որ բնակարանային ապահովվածության խնդրի լուծմանը զուգահեռ՝ ձեռնամուխ են լինելու Շիրակի մարզում ծայրահեղ աղքատության նվազեցման, աշխատատեղերի ստեղծման խնդիրների լուծմանը։
«Աղքատությունը չենք կարող հաղթահարել, եթե չստեղծենք ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չդարձնենք ներգնա տուրիզմի կենտրոն։ Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը։ 8 տարում 2 տոկոսով է աղքատությունը նվազել, ամեն երկրորդ երեխան այս մարզում աղքատության մեջ է ապրում։
Դու ո՞նց ես պարգևավճար ստանում, ո՞նց ես կարողանում ապրես, կառավարես, երբ ամեն երկրորդ երեխան հացի խնդիր ունի, երբ Գյումրիում 2000 տնակ կա՝ 21 դարում»,-նշեց Նարեկ Կարապետյանը։









