Foto

Լավ մարզիչն այս տղաներին կառաջնորդի դեպի նոր մեծ դարաշրջան․ Ֆլորենտինո Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Televisión Española-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է ակումբում ստեղծված իրավիճակի, անհաջող մրցաշրջանից հետո նոր գլխավոր մարզչի փնտրտուքների, նախագահական ընտրությունների և «Նեգրեյրայի գործի» մասին։


Ավարտված 2025/26 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» մնաց առանց տիտղոսների։ Իսպանիայի առաջնությունում ժամանակից շուտ չեմպիոն հռչակվեց «Բարսելոնան», իսկ «արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայում պայքարը լքեց 1/4 եզրափակիչում, Իսպանիայի գավաթի խաղարկությունում՝ 1/8 եզրափակիչում։ Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմի ղեկը ստանձնել էր Խաբի Ալոնսոն, սակայն ավելի ուշ նա պաշտոնանկ արվեց՝ իր տեղը զիջելով Ալվարո Արբելոային։ Մրցաշրջանի ավարտից հետո պարզ դարձավ, որ Արբելոան ևս կհեռանա մադրիդյան թիմից։

«Մբապե, Բելինգհեմ, Գյուլեր, Վալվերդե, Վինիսիուս… Նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են, և բոլորը գիտեն այդ մասին: Մարդիկ գիտեն, որ ես միշտ գնելու եմ լավագույններին: Լավ մարզիչն այս խաղացողների հետ մեզ կառաջնորդի դեպի նոր մեծ դարաշրջան «Ռեալում»։

Հիմա մտածում եմ նոր մարզչի շուրջ։ Արդյոք ունե՞մ թեկնածու։ Անգամ երկու։ Մոուրինյու՞ն: Նա, միանշանակ, լավ մարզիչ է, բայց ես դեռ ոչինչ չեմ հայտարարի, քանի որ նրա հետ չեմ խոսել»,- նշել է Պերեսը:

Անդրադառնալով Վինիսիուս Ժունիորի պայմանագրի երկարաձգմանը՝ ակումբի ղեկավարն ասել է.

«Չգիտեմ՝ արդյոք նա կերկարաձգի՞ պայմանագիրը, թե՞ ոչ: Եթե հարցնում եք իմ կարծիքը, ապա ես ցանկանում եմ, որ նա մնա «Ռեալում», քանի որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»:

Չորեքշաբթի օրը Պերեսը պաշտոնապես ազդարարեց իր նախընտրական արշավի մեկնարկը՝ սուր քննադատության ենթարկելով մրցակցին՝ Էնրիկե Ռիկելմեին։

«Ես շատ եմ սիրում «Ռեալը», և երբ տեսնում եմ, որ փորձում են վնասել ակումբին, ես այստեղ եմ։ Նկատել էի ստվերային շարժում, որի նպատակն իմ միջոցով ակումբն ապակայունացնելն էր։ Քանի որ ես հավատում եմ մեր անդամներին, որոշեցի ընտրություններ նշանակել։ Երբ նայում եմ մյուս թեկնածուին, պարզվում է՝ նրանք Կալդերոնի մարդիկ են, իսկ դա «Ռեալի» պատմության ամենամութ փուլն էր։ Բացի այդ, ասում են, որ այս պարոնը (Էնրիկե Ռիկելմեն, խմբ․) վարկ է վերցրել տարեկան 54 տոկոսադրույքով: Ինչպե՞ս կարելի է նման բան անել։ Տպավորություն է, որ նա եկել է, քանի որ ակումբն իրեն պետք է իր բիզնեսի համար: Ես չեմ պատրաստվում որևէ մեկի հետ բանավիճել»,- հայտարարել է Պերեսը։

Նա առաջին անգամ մեկնաբանել է նաև իր ստվերային խորհրդականի՝ Անաս Լագրարիի շուրջ պտտվող լուրերը.

«Նա պարզապես օգնում է մեզ: Ո՞վ է ասում, թե նա ուզում է նախագահ դառնալ։ Նա նախագահ դառնալու տարիք էլ չունի: Ճիշտն ասած, նա ֆուտբոլից շատ քիչ բան է հասկանում, բայց հիանալի տիրապետում է տեխնոլոգիական աշխարհին»:

Պերեսը վստահեցրել է, որ ակումբը չի հրաժարվել իսպանական ֆուտբոլի գլխավոր սկանդալի արդարացի հանգուցալուծման պահանջից.

«Ես այստեղ մինչև վերջ եմ գնալու։ Նա, ով կարծում է, թե ես մոռացել եմ այդ մասին, չարաչար սխալվում է: Ես ներկա կլինեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, քանի որ ինձ հրավիրել է ՈւԵՖԱ-ի նախագահը։ Երբ նախընտրական արշավն ավարտվի, ես նրան կհանձնեմ երեք տարվա ընթացքում կազմված մի դոսյե, որպեսզի բոլորը տեսնեն պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն գործը։ «Ռեալի» բախտը բերել է, որ ես այստեղ եմ, դրանում կասկած չունենաք»։