Foto

Անպտղության բուժման պետական ծրագրում փոփոխություններ են առաջարկվում․ նախարարություն

Կայացել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Ինչպես հայտնել է նախարարությունը, օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն է եղել:

Ողջունելով խորհրդի անդամներին` Արմեն Գասպարյանը ներկայացրել է որոշման նախագծի հիմնական երեք այն փոփոխությունները, որոնք ուղիղ ազդեցություն ունեն կանանց վերարտադրողական առողջության վրա:

«Առաջինը` առաջարկում ենք մեղմացնել 36 տարեկանից հետո կնոջը ներկայացվող անպտղության ժամկետի պահանջը` 2 տարին նվազեցնելով մինչև 1 տարի: Հաջորդիվ, առաջարկվող փոփոխությամբ անտիմյուլլեր հորմոնի ցածր մակարդակ ունեցող կնոջը հնարավորություն է տրվում դառնալ ծրագրի շահառու` սկսած բեղմավորման փուլից, եթե նա ունի կրիոկոնսերվացված առնվազն 5 ձվաբջիջ: Երրորդ փոփոխությունը՝ առաջարկում ենք բարձրացնել երկրորդային անպտղություն ունեցող կանանց տարիքային շեմը` գործող 36-ից 40` հավասարեցնելով առաջնային անպտղությանը»,- նշել է նախարարի տեղակալը և պատրաստակամություն հայտնել պատասխանելու թեմային վերաբերող հարցերին:

Խորհրդի անդամները թեմային առնչվող տասնյակ հարցեր են ուղղել։ Արմեն Գասպարյանը պատասխանել է նաև ոլորտի բարեփոխումներին, ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցերին` կեսարյան հատումներ զսպման քաղաքականության,մայրության դպրոցների, սերմնավորման կաբինետների բացման թեմային: