Foto

Հայտնի է՝ որքան է տուգանել «Ռեալը» Վալվերդեին և Չուամենիին

Մադրիդի «Ռեալը» թիմի կիսապաշտպաններ Օրելիեն Չուամենիին և Ֆեդերիկո Վալվերդեին խոշոր չափով տուգանել է թիմակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ «արքայական ակումբը» կարգապահական վարույթ էր սկսել Չուամենիի և Վալվերդեի նկատմամբ հինգշաբթի օրը տեղի ունեցած միջադեպից հետո: Բախման արդյունքում ուրուգվայցի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել 10-14 օրով:

««Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ մեր խաղացողներ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի դեմ երեկ հարուցված կարգապահական գործի շրջանակում՝ այսօր երկու ֆուտբոլիստներն էլ ներկայացել են հարցաքննության:

Զրույցի ընթացքում խաղացողները խորն ափսոսանք են հայտնել կատարվածի կապակցությամբ և ներողություն են խնդրել միմյանցից: Բացի այդ, նրանք ներողություն են խնդրել ակումբից, թիմակիցներից, մարզչական շտաբից և երկրպագուներից՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը կրելու ցանկացած պատիժ, որն ակումբը նպատակահարմար կգտնի:

Այս կապակցությամբ «Ռեալը» որոշում է կայացրել յուրաքանչյուր խաղացողի նկատմամբ կիրառել 500 հազար եվրոյի չափով տուգանք՝ դրանով իսկ եզրափակելով համապատասխան ներքին ընթացակարգերը»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 77 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Կիրակի օրը թիմն արտագնա խաղում ուժերը կչափի առաջատար «Բարսելոնայի» հետ, որին զիջում է 11 միավորով: Արբելոայի թիմն այս կարևորագույն խաղին կմոտենա առանց վնասվածք ստացած Վալվերդեի։