Կառավարությունն առաջիկայում կընդունի կաթի արտադրության համար սուբսիդավորման ծրագրի նախագիծը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Գորայք բնակավայրում քաղաքացիների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով կաթի մթերման գնի խնդրին։
Այդուհանդերձ, վարչապետը կարևորել է խելացի անասնագոմերի ստեղծումը, որոնց դեպքում կաթի գինն անհամեմատ բարձր է՝ հաշվի առնելով արտադրության ու պահման ժամանակակից պահանջներին համապատասխան պայմանները։
Կաթի գնի սուբսիդավորման վերաբերյալ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կովերի ծնի ժամանակահատվածում, մասնավորապես, ապրիլ-օգոստոս ամիսներին կաթի արտադրությունը 3-4 անգամ գերազանցում է հոկտեմբեր-փետրվարի ցուցանիշներին, ինչի հետևանքով առաջարկը կրկնակի գերազանցում է պահանջարկին։ Դրանով պայմանավորված՝ կաթ մթերող կազմակերպությունները, ապրիլ-մայիս ամիսներից մինչև հոկտեմբեր, 20-30 դրամով (երբեմն՝ ավելի շատ) նվազեցնում են կաթի մթերման գինը, ինչն էլ առաջացնում է ֆերմերների դժգոհությունը։ Իրավիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է 1 կգ կաթի հաշվով 20 դրամ փոխհատուցում տրամադրել ապրիլ-օգոստոս ամիսներին արտադրված կաթի ողջ քանակության համար։
Ըստ այդմ՝ հանրապետության բոլոր մարզերի կովերի անմշակ կաթի արտադրությամբ զբաղվող՝ 3 գլուխ և ավել կովեր տնօրինող տնտեսավարող սուբյեկտներին 2026 թվականին նախատեսվում է տրամադրել աջակցություն՝ 3-ից մինչև 20 գլուխ կովերի համար՝ յուրաքանչյուր կովի համար հատկացնելով 15000 դրամի չափով սուբսիդավորում։









