Մայիսի 6-ին՝ ժամը 00:00-ին, Ուկրաինայում սկսվել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից հայտարարված «լռության ռեժիմը», սակայն Ռուսաստանը բազմաթիվ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հիշեցնելով, որ մայիսի 5-ին ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում 27 մարդ է զոհվել։
«Երեկ մեր քաղաքների և համայնքների՝ Դնեպրի, Զապորոժիեի, Կրամատորսկի և այլոց վրա դաժան հարվածներից հետո ռուսական բանակը շարունակել է ակտիվ ռազմական գործողությունները․․․. Ռուսաստանի ընտրությունը լռության և կյանքերի պահպանման հստակ մերժումն է», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Նա նշել է, որ Ռուսաստանը «լռության ռեժիմը» խախտել է ավելի քան 1820 անգամ։
Իր հերթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ ռուսական ուժերն օգտագործել են 108 անօդաչու թռչող սարք և երեք հրթիռ, և որ հարվածները շարունակվել են մայիսի 6-ի ամբողջ գիշեր, իսկ առավոտյան հարվածների են ենթարկվել Խարկովը և Զապորոժիեն։
Ըստ տեղեկությունների՝ Նովոբավարսկի շրջանում հարվածների հետևանքով վիրավորվել է երկու մարդ, վնասվել է մի քանի մասնավոր տուն։ Բացի այդ, Խերսոնում ԱԹՍ-ներով գրոհ է իրականացվել բնակելի շենքերի վրա, առաջացած հրդեհներից երեք մարդ է վիրավորվել։
Մայիսի 6-ի առավոտյան Սումիի շրջանում ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքացիական մեքենայի, որի հետևանքով զոհվել է մեկ կին, 2 մարդ վիրավորվել է:
Սումիի կենտրոնում ԱԹՍ-ի թիրախում է հայտնվել մանկապարտեզ, որի հետևանքով բռնկված հրդեհից զոհվել է մանկապարտեզի անվտանգության աշխատակիցը: Ներսում երեխաներ չեն եղել:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ մայիսի 5-ին Ուկրաինայում Ռուսաստանի զանգվածային հարվածների հետևանքով զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ 12 զոհ գրանցվել է Զապորոժիեում, վիրավորվել է ավելի քան 120 մարդ։ Զապորոժիեի շրջանում մայիսի 6-ը հայտարարվել է սգո օր։
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մայիսի 6-ի գիշերը Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի և Մոսկվայի մարզերի, ինչպես նաև Սև ծովի և Ղրիմի երկնքում խոցվել է 53 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ղրիմի Սևաստոպոլի նահանգապետը հայտնել է Ջանկոյի վրա հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 8-9-ին հրադադարի մասին, Զելենսկին էլ իր հերթին «լռության ռեժիմ» էր հայտարարել՝ մայիսի լույս 6-ի գիշերվանից սկսած։









