Foto

Հրաժարվում են բարձրացնել. Ընտրվելու դեպքում ՔՊ-ն առաջիկա 5 տարում կբավարարվի թոշակների ինդեքսավորումով, այն էլ՝ ոչ ամեն տարի

Եթե այնպես ստացվի, որ ՔՊ-ն վերընտրվի, հետագա 5 տարիներին թոշակների իրական բարձրացում չի լինելու։ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում այս անգամ անվանական թոշակի բարձրացման որևէ պարտավորություն չի ստանձնել, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ էր։

Նախորդ ընտրությունների նախընտրական ծրագրում կոնկրետ թվեր էին գրել, պարտավորվել էին թոշակի միջին չափը 43,500 դրամից դարձնել առնվազն 61,000 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ 26,500 դրամից 37,000 դրամ։

Մինչև վերջերս ՔՊ-ն այդ խոստումը չէր կատարել։ Թոշակներն անհամեմատ ավելի ցածր էին, քան խոստացել էին։ Եվ միայն այն բանից հետո, երբ հասկացան, որ դրա պատճառով կարող են կորցնել թոշակառուների ձայների մեծ մասը, ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ, հապճեպ որոշեցին 10 հազար դրամով բարձրացնել թոշակները։

Հավանաբար հաշվի առնելով անցյալի դառը փորձը, այս անգամ  նախընտրական ծրագրում թոշակների անվանական բարձրացում չեն նախատեսել։

Թոշակների բարձրացման փոխարեն՝ կբավարվեն միայն ինդեքսավորումով։

Իհարկե, ինդեքսավորումը ենթադրում է թոշակների որոշակի ավելացում, բայց դա իրական բարձրացում չէ, որովհետև այն փակելու է, եթե, իհարկե, փակի, բացառապես գնաճի ազդեցությունը։ Պարզ ասած՝ խոսքը գնաճի չափով փոխհատուցման տրամադրման մասին է։ Այն թոշակառուին որևէ լրացուցիչ գնողունակություն չի տալիս։ Դրանով թոշակառուն հավելյալ գնումներ կատարելու հնարավորություն չի ստանում։ Լավագույն դեպքում կարողանալու է պահպանել իր սոցիալական վիճակը։

Համարում են, որ արդեն այնքան են բարձրացրել թոշակները, որ թոշակառուն այսուհետ կարող է բավարարվել բացառապես թոշակների ինդեքսավորումով։

«Մենք նախորդիվ նվազագույն թոշակը համապատասխանեցրինք նվազագույն պարենային զամբյուղին, ինչը նշանակում էր, որ այդ գումարով  թոշակառուն պետք է իր մեկ ամսվա մինիմալ անհրաժեշտ կալորիան կարողանա ապահովել։

Եվ հիմա, մի քանի տարի անց, ներառյալ՝ կենսաթոշակների հետվճարի համակարգը, մենք միջին կենսաթոշակը բարձր ենք պահում նվազագույն սպառողական զամբյուղից։

Իհարկե, գնաճային երևույթներ կլինեն, սա անխուսափելի է։ Որպեսզի նախորդ շրջանի գնաճային հաշվարկներն ամբողջական լինեն, սկսած 2028 թվականից՝ մենք կենսաթոշակները կինդեքսավորենք այնպես, որ Հայաստանում կենսաթոշակներն այլևս նվազագույն սպառողական զամբյուղից ցածր չլինեն։ Իհարկե, հնարավորության դեպքում մենք կաշխատենք թոշակներն ավելի բարձրացնել»,- ներկայացնելով ՔՊ նախընտրական ծրագիրը՝ ասում է Նիկոլ Փաշինյանը։

Չնայած նրա պնդումներին, դեռ հարց է, թե որքանո՞վ է այս պահին միջին կենսաթոշակը Հայաստանում գերազանցում նվազագույն սպառողական զամբյուղը։ Կան սպառողական զամբյուղի գնահատված տարբեր արժեքներ ու դրանց համաձայն, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը տատանվում է 62-82 հազար դրամի սահմաններում։ Բայց ՔՊ-ն դրանցից ընտրել է ամենացածրը ու համարում է, որ թոշակառուն այլևս կարող է թոշակով լուծել իր սպառողական խնդիրները։

Իսկ այն, որ ընտրվելու պարագայում հնարավորության դեպքում թոշակները գնաճից ավելի շատ կբարձրացնեն, ասվում է՝ ընդամենը ասելու ու թոշակառուներին հույս տալու համար։ Այդպիսի հույսեր ՔՊ նախընտրական ծրագրում չկան, որովհետև ՔՊ նախընտրական ծրագրում թոշակների իրական բարձրացման մասին խոսք չկա։ Խոսքը բացառապես թոշակների ինդեքսավորման մասին է։

«Կենսաթոշակների ինդեքսավորում այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից»,-կենսաթոշակառուների համար իր նախընտրական ծրագրում սա է ամրագրել ՔՊ-ն։։

Ինդեքսավորումը, բնականաբար, լինելու է միջին գնաճի չափով, չնայած՝ ինչպես մյուս բոլոր քաղաքացիները, այնպես էլ թոշակառուները թանկացումների ազդեցությունն իրենց վրա միջին գնաճի չափով չէ, որ կրում են։ Թանկացումների իրական ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է, քան միջին գնաճը։ Բայց ինդեքսավորումը ենթադրում է փոխհատուցում միայն միջին գնաճի չափով։

Ինդեքսավորումն էլ ոչ բոլոր տարիներին է լինելու, կապ չունի, թե ինչպիսին կլինի գնաճը։

Ինչպես ՔՊ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ բերանից թռցրեց Նիկոլ Փաշինյանը, վերընտրվելու դեպքում թոշակների ինդեքսավորում անելու են՝ սկսած 2028թ.։

Թե ինչո՞ւ 2028թ. և ոչ թե 2027թ., անհայտ է։ Այնպես չէ, որ այս տարի գնաճ չի լինելու, որ դրան համարժեք հաջորդ տարի ինդեքսավորեն թոշակները։

Հաջորդ տարվա համար ՔՊ-ն ինդեքսավորում չի նախատեսում։ Այսինքն՝ չի պատրաստվում փոխհատուցում տալ թոշակառուներին։ Չնայած, ինչպես տեսնում ենք, այս տարի գնաճը բավական ակտիվ է ու շարունակում է ակտիվանալ։ Մարտին այն հասավ 4.5 տոկոսի ու դեռ խոսքը միայն միջին գնաճի մասին է։ Սննդամթերքը, որի վրա թոշակառուները ծախսում են իրենց թոշակի հիմնական մասը, անհամեմատ ավելի շատ է թանկացել։ Սննդամթերքի գնաճը մոտենում է 8 տոկոսի։

Առաջնային բազմաթիվ ապրանքներ, բնականաբար, ավելի շատ են թանկացել։

Չնայած դրան, հաջորդ տարի ՔՊ-ն թոշակների ինդեքսավորում չի նախատեսում։ Հավանաբար մտածում են, որ թոշակներն արդեն այնքան են բարձրացրել, որ այն ծածկելու է՝ ինչպես այս, այնպես էլ՝ հաջորդ տարվա գնաճը, մի բան էլ ավելի։ Ու այդ ավելիով Նիկոլ Փաշինյանը թոշակառուներին լառնականերում հանգստանալու կոչեր է անում։ Կարծես իրենց միլիոնների պարգևավճարները դրել են թոշակառուների տակ, ու նրանք արդեն կարող են իրենց նման ճոխություններ թույլ տալ։ Ընդամենը 10 հազար դրամ թոշակ են բարձրացրել՝ 100 հազարների  հասնող աղմուկ են անում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ