Ապրիլի 25-ին և 26-ին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Առնուվիլ, Ռենսի, Մեդոն և Շավիլ քաղաքներում։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Ապրիլի 26-ին Առնուվիլ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը և քաղաքապետի տեղակալ Քրիստոֆ Ալթունյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։ Արարողության ավարտին ներկաները ծաղկեպսակներ են զետեղել՝ ի հիշատակ նահատակված զոհերի։
Ապրիլի 25-ին Ռենսի քաղաքի «Դպրոցասեր» հայկական կրթական հաստատության բակում տեղակայված խաչքարի առջև տեղի է ունեցել հիշատակի ոգեկոչման արարողություն։ Ելույթներ են ունեցել քաղաքապետ Նիկոլա Ռանդպիեռը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը և «Դպրոցասեր»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աղավնի Սարիկայան։ Ծաղկեպսակների զետեղմանը մասնակցել են նաև Լիվրի-Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, ինչպես նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի, Պավիյոն-սու-Բուայի և Գանյիի քաղաքային խորհուրդի անդամները։
Ապրիլի 25-ին Մեդոնի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցել էն ֆրանսահայ կառույցների և տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հիշատակի խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը, Մեդոնի քաղաքապետ Դենի Լարգերոնը և Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։









