Foto

Չեխիան Սլովակիայի օրինակով մտադիր է Բաքվին ոչ միայն սպառազինություն վաճառել, այլև համատեղ ձեռնարկություն բացել

Այս օրերին  Ադրբեջանում էր գտնվում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը: Նշենք, որ Ադրբեջանը հանդիսանում է Չեխիա նավթի խոշորագույն մատակարարը, որին բաժին է ընկել ներմուծման 42 տոկոսը: Բայց Բաբիշն ու Ալիևն միայն գազային և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր չէ, որ  քննարկել են, օրակարգում եղել է նաև  ռազմական ոլորտը:

«Մեր երկրների միջև համագործակցության ևս մեկ կարևոր ոլորտ է պաշտպանական արդյունաբերությունը: Այստեղ նույնպես տևական հաջող համագործակցություն կա։ Մենք Չեխիայից նաև ռազմական նշանակության բավական շատ արտադրանք ենք գնում, և ներկա փուլում բանակցություններ են ընթանում համատեղ արտադրության կազմակերպման կոնկրետ նախագծերի շուրջ։ Համոզված եմ, որ այս ոլորտը ևս մասշտաբային կլինի, քանի որ Ադրբեջանն ապահովում է իր պաշտպանական ներուժը, այդ թվում՝ տեղական արտադրության հաշվին։ Եվ ապագայում մեր փոխգործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չեխիան է, որն այս ոլորտում մեծ փորձ ունի, հատուկ նշանակություն ունի»,- Չեխիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանական աղբյուրները գաղտնազերծել են, https://haqqin.az/newsarchive/382424 որ Ադրբեջանում նոր համատեղ ձեռնարկություն է (VEXA DS) բացելու  չեխական պաշտպանական արդյունաբերության CSG խումբը:

Ընկերությունը երկար տարիներ զբաղվում է ռազմական տեխնիկայի սպասարկմամբ, վերանորոգմամբ և արդիականացմամբ և նախապատվությունը տալիս  է այն նախագծերին, որոնք երկարաժամկետ օգուտներ են խոստանում:

Հիշեցնենք, որ 2025 թվականի տարեվերջին էլ հայտնել ենք, որ Ալիևը մտադիր է Սլովակիայից հրետանային ավտոմատ համակարգեր ձեռք բերել, և,  որ Ադրբեջանը և Սլովակիան մտադիր են ինքնագնաց հրետանային կայանքների, զինամթերքի արտադրության ոլորտում համագործակցություն սկսել. սլովակական տեխնոլոգիա՝ գումարած ադրբեջանական գումարներ:

Արդեն այս տարվա փետրվարին 168.am-ը հայտնել է, որ նշվածը  գործնական ուժ է ստանում. Սլովակիան և Ադրբեջանը խոշոր գործարք են կնքել:

Խոսքը 210 միլիոն եվրո արժողությամբ շրջանակային պայմանագրի մասին է, որով SAM-120 ավտոմատ ականանետեր են մատակարարվելու, ընդ որում, ինչպես Սոլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակն էր տեղեկացրել, մատակարարումների առաջին խմբաքանակը ներառելու է 96 միավոր ականանետ:

Իսկ 2024 թվականին 168.am-ը նաև գրել է, որ Ադրբեջանը շարունակում է փոխել իր հրետանու տրամաչափը՝ խորհրդայինից՝ ՆԱՏՕ-ականի, և, որ  Ադրբեջանի զինված ուժերը ստացել են Սլովակիայից պատվիրված L-45 DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը։

DITA L-45 հաուբիցը մշակվել է դեռ Չեխոսլովակիայում արտադրված DANA ինքնագնաց հաուբիցի բազայի հիման վրա: Ավելին,  չեխական արտադրության RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգը և DANA ինքնագնաց հրետանային կայանքն Ադրբեջանը կիրառել է  44-օրյա պատերազմում:  Դրան նախորդած ժամանակահատվածում արդեն պարզվել էր, որ Չեխիայից և Սլովակիայից սպառազինություն  Ադրբեջան հասել է Իսրայելի օգնությամբ:

Եվ 2018 թվականին Հայաստանը տարբեր առիթներով  չեխ պաշտոնյաներին տեղեկացրել է, որ  չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հաուբիցները և RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը Սլովակիայից՝ Իսրայել, ապա` Ադրբեջան են հասել: Եվ այդ ժամանակ նույնիսկ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն էր ընդունել, որ դրանց  վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը:

2019 թվականին էլ այդ ժամանակ Սլովակիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակն այցելել էր Հայաստան և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիս էր տվել, նրա ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ իրենց սպառազինությունն Ադրբեջանում է հայտնվում ոչ թե ուղղակիորեն, այլ՝ միջնորդավորված, երրորդ երկրների միջոցով, մասնավորապես՝ Իսրայելի միջոցով:

«Սլովակիայի ու Իսրայելի միջև առանձին համաձայնագիր է եղել, առանձին փաստաթղթեր են եղել, որոնցում ամրագրված է եղել, որ վերջնական ստացողն Իսրայելն է։ Մենք այդ հարցը մի քանի անգամ քննարկել ենք նաև նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Կարծում եմ՝ գործը փակ է։ Մենք ամեն ինչ մանրամասն բացատրել ենք միմյանց, հասկացել ենք միմյանց, կարծում եմ, որ այս քննարկումը դադարել է ու չի շարունակվելու, ինչպես նաև պայմանագիրը դադարեցված է»,- վստահեցրել էր Լայչակը:

Բայց  այդ նույն Լայչակը 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-րդ տարվան նվիրված Բաքվի զորահանդեսին պատվավոր հյուրերի շարքում էր, Սլովակիայից եղել են նաև այլ պաշտոնյաներ:

Այսինքն, Ալիևի ռազմական պլաններում ոչինչ չի փոխվում, և նա շարունակում է համագործակցել այն երկրների հետ, ում հետ համագործակցել է նախքան 44-օրյա պատերազմը, դրանից անմիջապես հետո և հիմա այդ համագործակցությունը ռազմավարական մակարդակի է հասցնում: Խոսքն այս դեպքում Սլովակիայի և Չեխիայի մասին է: