Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին անցկացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն։
Ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին։
Նշվում է, որ իրենց հարգանքի տուրքն են մատուցել և ծաղիկներ խոնարհել նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, ինչպես նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Վիրահայ համայնքի ներկայացուցիչ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան Արամ Միքայելյանն իր խոսքում նշել է, որ ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ ապրում են հայեր, հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հաղորդվում է, որ հիշատակի միջոցառմանը երաժշտական կատարմամբ են հանդես եկել Հայաստանից ժամանած դուդուկահարներ Հարություն Չքոլյանը և Կարեն Սիրականյանը։









