Foto

Արցախի հայաթափումը փաստում է Ցեղասպանության շարունակական լինելը. ՀՅԴ Հայ դատի հայտարարությունը

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ․

«Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 111-րդ տարելիցն է։ Թվում է թե տարեթվերը մեզ հեռացնում են մարդկության դեմ իրագործված այդ զազրելի հանցագործության հետևանքներից, սակայն մեր պատմության վերջին զարգացումները՝ Արցախի բռնգրավումը և հայաթափումը, անգամ ևս փաստում են, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե ժամանակի և տարածության մեջ իրականացված և ավարտված ոճիր էր, այլ շարունակական հանցագործություն, որ միտված է բնաջնջելու կամ տեղահանելու հայությանն իր հայրենիքից։

Ցեղասպանությունը շարունակում է լինել հանցագործություն և կենսական վտանգ այնքան ժամանակ քանի դեռ ցեղասպան կողմը չի ընդունել իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, իսկ միջազգային հանրությունը՝ չի պարտադրել դա։ Ցեղասպանության ընդունումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես ցեղասպանին՝ մաքրվելու պատմական խարանից ու դադարելու հանդիսանալ քաղաքակրթական վտանգ, այնպես էլ ցեղասպանվածին՝ իբրև երաշխիք ցեղասպանական մտադրությունների դադարեցման։

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հատուցման պայքարը նախ և առաջ միտված է եղել Հայաստանի և հայության անվտանգ գոյության երաշխավորմանը։ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ հայկական սփյուռքի և թե՛ միջազգային հանրության կողմից երբե՛ք ինքնանպատակ չի եղել և միտված է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության ու համակեցության ստեղծմանը՝ արդարության վերականգնման և սեփական պատմության հետ առերեսման միջոցով։

Հայ-թուրքական հարաբերություններում չկա՛ հակամարտություն դասական իմաստով։ Հետևաբար միջպետական հարաբերությունների կարգավորմանը սխա՛լ է մոտենալ հակամարտությունների լուծման միջազգայնորեն ընդունված մեխանիզմներով։ Այս հարաբերություններում կա ցեղասպան կողմ, ում ոչ միայն ժխտողական քաղաքականությունը, այլ նաև շարունակական գործողություններն են վկայում ցեղասպանական գործողությունների մտադրության պահպանման մասին, և կա ցեղասպանված կողմ, ով ցանկանում է բացառել ապագայում նման գործողությունների հավանականությունը։

Ասվածի լավագույն ապացույցը Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացն է։ Այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները անմտորեն և անվերապահորեն բավարարել են Թուրքիայի բոլոր նախապայմանները, թուրքական կողմը ոչ միայն հրաժարվում է գործադրել համաձայնեցված նույնիսկ խորհրդանշական քայլերը, այլ նաև առաջադրում է նոր նախապայմաններ և շարունակում է Հայաստան-Թուրքիա հարաբե­րությունները պայմանավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։ Թուրքական կողմը ըստ էության շարունակում է Հայաստանի Հանրապետությանը ենթարկել անօրի­նական շրջափակման, ինչն իր բնույթով թշնամական քաղաքականության դրսևորում է։

Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ պաշտոնական Երևանի գործիքակազմում չի մնացել Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու որևէ  գործուն հնարավորություն։ Այս պայմաններում է, որ ակնհայտ է դառնում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին պետք չէ մոտենալ, որպես հակամարտության։ Թուրքական պետության կողմից այնպիսի քաղաքական վարքի դրսևորումը, որը չի հետապնդում Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդում, և որը չի ենթադրում Հայոց ցեղասպանության ոճրագործության շարունակականություն, այն նախադրյալն է, որ կհանգեցնի Հայաստան-Թուրքիա միջպետական, իսկ ապագայում, գուցե նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը և վերահաստատում, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման»