Foto

Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ

Երեկ` ապրիլի 21-ին, Լյուքսեմբուրգում ընթացող հանդիպմանը Եվրամիության արտաքին գործերի նախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հարավային Կովկասում, այդ թվում՝ Վրաստանում, ընթացող իրադարձությունները։

«Մենք քննարկում ենք Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Մեր մոտեցումն այս հարցում շատ վճռական է։ Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին, բայց ոչ Վրաստանի կառավարությանը, որը երկիրը տանում է սխալ ուղղությամբ», — հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Նրա խոսքով՝ այն ուղին, որն ընտրել է Վրաստանի կառավարությունը՝ ընդդիմության ճնշումը, լրատվամիջոցների սահմանափակումը, վերջին շրջանում ընդունված բոլոր օրենքները, անընդունելի են Եվրամիության համար։

Հարցին, թե Հունգարիայում կառավարության փոփոխությունից հետո հնարավոր է արդյոք պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի դեմ, ինչն արգելափակում էր Օրբանի կառավարությունը, Կալասը պատասխանել է.

«Բնականաբար, ես չեմ կարող խոսել Հունգարիայի նոր կառավարության անունից։ Հենց որ կառավարությունը ձևավորվի, նրանք կգան, և մենք կարող ենք նրանց տալ այս բոլոր հարցերը։ Մենք վերսկսում ենք քննարկումները և հույս ունենք, որ դրական արդյունք կստանանք», — հավելել է Կալասը։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի խոսքով՝ Եվրամիությունն ուշացրել է «Վրացական երազանք»-ի անդամների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, սակայն այժմ (Հունգարիայում կառավարության փոփոխությունից հետո) պետք է գործի։ Նրա խոսքով՝ եթե Վրաստանը պատրաստ չէ կատարել Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունները, ապա Բրյուսելը պետք է բարձրացնի Ասոցացման համաձայնագրի և թեկնածուի կարգավիճակի չեղարկման հարցը։

«Մենք ուշացել ենք։ Դեռ ավելի քան մեկ տարի առաջ Լիտվան առաջարկ ներկայացրեց պատժամիջոցների վերաբերյալ։ Հիմա, մեկ տարի անց, երբ Վրաստանում ժողովրդավարությունն էլ ավելի է հետընթաց ապրում, դա հենց դրա արդյունքն է։ Մենք շատ ուշացանք և շատ դանդաղ գործեցինք։ Այսպիսին է արդյունքը։ Այնպես որ, հիմա պետք է գործենք։

Վրաստանը թեկնածու երկիր է։ Նրանք պարտավորություն են ստանձնել պահպանելու ժողովրդավարական չափանիշները։ Այդ պարտավորությունների կատարումն իրենցից է կախված։ Եթե նրանք պատրաստ չեն դրան, ապա պետք է բարձրացնենք Ասոցացման համաձայնագրի կամ թեկնածուի կարգավիճակի հարցը։ Եկեք ավարտենք սա, և մենք միանգամայն այլ փուլում կլինենք», — հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

Պատժամիջոցների սահմանմանը կողմ է նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարարը։

«Եվրամիությունը պետք է անհատական պատժամիջոցներ սահմանի այն անձանց դեմ, ովքեր իսկապես ոտնահարում են ժողովրդավարությունը։ Էստոնիան դա արդեն արել է», — ասել է Մարգուս Ցահկնան։

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Տոյուն հայտարարել է, որ խոսել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ և փոխանցել ռումինական ու եվրոպական կողմի ուղերձը դատական համակարգի բարեփոխման և ժողովրդավարական գործընթացների պաշտպանության անհրաժեշտության մասին։

«Սա բազմիցս եմ ասել և նույն ուղերձը փոխանցեցի նաև արտաքին գործերի նախարարին. մենք հավատում ենք, որ վրաց ժողովուրդը կապված է եվրոպական երազանքի հետ։ Մենք հայտարարել ենք, և ես ևս մեկ անգամ էլ նշեցի այս երկխոսության վերսկսման, այս ուղին շարունակելու անհրաժեշտության մասին, սակայն անհրաժեշտ են նաև բարեփոխումներ, որպեսզի դա տեղի ունենա։ Ընդդիմության առաջնորդները, որոնց բանտարկել են, պետք է կանգնեն իրական արդարադատության համակարգի առաջ, և արդարադատությունը չպետք է օգտագործվի որպես գործիք ժողովրդավարական գործընթացներին միջամտելու համար։ Մենք նաև խոսեցինք անվտանգության և այն մասին, որ կապակցվածությունը և բաց երկխոսությունը, մեր կարողությունը՝ ստեղծելու եվրոպամետ այլընտրանք ի հակակշիռ ռուսամետ ազդեցության, առաջընթացի ուղին է… Ժողովրդավարությունը գործում է այնտեղ, որտեղ կա ընդդիմություն», — հայտարարել է Օանա-Սիլվիա Տոյուն։

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն անհրաժեշտ է համարում օգնել Վրաստանին շարունակել ուղին դեպի եվրոպական ընտանիք, ինչը ցանկանում է բնակչության մեծամասնությունը։

«Մենք կօգնենք վրաց ժողովրդին շարունակել ժողովրդավարական, խաղաղ և եվրոպական ուղին», – հայտարարել է Ալբարեսը։

Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի երեկվա նիստում քննարկվող հարցերի թվում են եղել Ուկրաինայում, Լիբանանում, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով Իրանում պատերազմի վերջին զարգացումները և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, նաև Հարավային Կովկասը, հատկապես ԵՄ-Հայաստան գալիք գագաթնաժողովին ընդառաջ` ԵՄ հարաբերությունները Ադրբեջանի և Վրաստանի հետ։

Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը հանդիպումից առաջ խոսել է Հարավային Կովկասի դերի մասին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կապի հարցում, սակայն այս համատեքստում բաց է թողել Վրաստանը և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցությունը։

«Այսօր տեսնում ենք, թե որքան կարևոր և ճիշտ որոշում էր Եվրահանձնաժողովի` Սևծովյան նոր ռազմավարության մեկնարկը։ Ռազմավարության մասերից մեկը կապակցվածության օրակարգն է։ Այս օրակարգի միջոցով մենք զարգանում ենք Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում, որպեսզի Եվրոպան ավելի լավ կապենք Կենտրոնական Ասիայի հետ։ Սա վերաբերում է առևտրին և էներգետիկային։ Մենք տեսնում ենք, թե որքան խոցելի ենք այսօր, երբ հյուսիսում առևտրային ճանապարհները Ռուսաստանի պատճառով խաթարված են, իսկ հարավում առևտրային երթուղիները խաթարված են Իրանում ընթացող պատերազմի պատճառով։ Այնպես որ, այն ուղին, որն այժմ այնտեղ հասանելի է, հենց այն է, ինչ մենք անում ենք կապակցվածության օրակարգի շրջանակներում։

Ուստի, այսօր կքննարկենք, թե ինչպես ավելի լավ համագործակցել հատկապես այն երեք երկրների հետ, որոնք նշեցի՝ Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա, որտեղ արդեն ունենք որոշակի կոնկրետ նախագծեր», — հայտարարել է Մարտա Կոսը։