Տեր Արարատ քահանա Պողոսյանի հրապարակումը.
«ՀՀ իշխանության ներկայացուցիչներն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության/պաշտոնանկության հարցը փորձում են տեղափոխել քաղաքական գործընթացների շրջանակ՝ ներառելով 2026 թ․ խորհրդարանական ընտրությունների ՔՊ նախընտրական ծրագրում՝ որպես «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգ և ճանապարհային քարտեզ»։
Այս իրողությունն անհրաժեշտություն է առաջացնում խնդիրը դիտարկելու եկեղեցական իրավունքի, պատմության և ժամանակակից իրավաքաղաքական տեսության համատեքստում։ Խնդիրը համակողմանի վերլուծության կարիք ունի․ արդյոք հնարավո՞ր է համադրել երկու սկզբունքորեն տարբեր համակարգեր՝ եկեղեցական (հոգևոր-կանոնական-նվիրապետական) և իշխանական (քաղաքական-ժողովրդավարական), և վերջինս կարո՞ղ է կամ իրավասո՞ւ է ներգործելու առաջինի վրա։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին իրավակարգավորման համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը՝ Եկեղեցու բարձրագույն իշխանական մարմինը։ Ինչպես նշվում է Եկեղեցու պաշտոնական իրավական վավերագրերում՝ Ազգային-եկեղեցական ժողովը Հայ Եկեղեցու օրենսդիր և ընտրական գերագույն մարմինն է, որի իրավասության շրջանակում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը։ Ժողովում ներառված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ, այլ նաև (առավելապես) աշխարհասփյուռ հայության պատվիրակներ՝ թեմակալ առաջնորդներ, հոգևորականներ և աշխարհականներ, ինչի շնորհիվ այն արտահայտում է համազգային, այլ ոչ թե նեղ քաղաքական իշխանության կամք։
Ինչպես է ձևավորվում Ազգային-եկեղեցական ժողովը։ Ըստ 1945 թ․ Ազգային-եկեղեցական ժողով գումարելու հատուկ կանոնադրության՝ յուրաքանչյուր թեմ ժողովին մասնակցում է իր թեմից ընտրված մեկ կամ մի քանի պատգամավորներով։ Մինչև 25,000 հավատացյալ ունեցող թեմն ընտրում է մեկ պատգամավոր, այսու՝ 50,000 անդամ ունեցող թեմը համապատասխանաբար ընտրում է երկու պատգամավոր, և այս սկզբունքն է կիրառելի բոլոր պարագաներում։ Բացի այդ, ըստ վերոնշյալ կանոնադրության, Ազգային-եկեղեցական ժողովի կազմում ներառվում են ԳՀԽ անդամները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի և Կ․ Պոլսի Հայոց պատրիարքները, Հայոց Եկեղեցու բոլոր առաջնորդներն ու եպիսկոպոսները, Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կ․ Պոլսի Հայոց պատրիարքությունների միաբանությունների ներկայացուցիչները։
Ըստ ՄԱԿ-ի՝ մարդահամարով զբաղվող բաժնի հաշվարկների՝ 2010 թ․ դրությամբ աշխարհում ապրում է շուրջ 9 միլիոն հայ։ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3,075,800 մարդ, որոնցից շուրջ 50,000-ը, ըստ 2022 թ․ մարդահամարի տվյալների, օտարազգիներ (եզդի, ռուս, ասորի, քուրդ) են։ Այսինքն՝ Հայաստանում մշտապես բնակվող հայերի թիվը 3,025,800 է։
Ըստ 2021 թ․ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն տվածների թիվը կազմում է 688,761 ընտրող։
Ազգային-եկեղեցական ժողովին Հայաստանից ընդհանուր թվով կարող են մասնակցել ընդամենը 121 պատգամավորներ, որոնցից միայն 27-ը կարող են ներկայացնել ՔՊ-ն՝ ըստ իրենց ստացած ձայների։ Ազգային-եկեղեցական ժողովի մնացյալ պատգամավորներին հիմնականում ընտրում է Սփյուռքը։ Հետևաբար՝ նույնիսկ փոքր-ինչ բանականություն և քիչ թե շատ տրամաբանություն ունեցող անձը չի կարող ընդունել, որ ո՛չ տեսականորեն և առավել ևս ո՛չ գործնականում չեն կարող և իրավունք չունեն 450 և ավելի պատգամավորական կազմ ունեցող աշխարհասփյուռ և համազգային ժողովի իրավունքները ոտնահարել 27 թվացյալ պատգամավորներով։
Հայոց Եկեղեցին համազգային հաստատություն է, որը ձևավորվել է պետականությունից անկախ և պատմական որոշ շրջափուլերում գործել է նույնիսկ պետականության բացակայության պայմաններում։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեր պատմության ողջ ընթացքում եղել է համազգային միավորող ուժ՝ երբեմն փոխարինելով պետական հաստատություններին և համախմբելով աշխարհասփյուռ հայությանը։ Եկեղեցու կառավարման, ինչպես նաև Հայոց կաթողիկոսի ընտրության/պաշտոնակության մարմինները, ինչպես նշեցինք, ձևավորվել են համահայկական ներկայացուցչության սկզբունքով, ոչ թե ինչ-որ իշխանության քաղաքական համակարգի շրջանակում։
Կաթողիկոսի ընտրությունն ունի նաև առանձնահատուկ հոգևոր բնույթ։ Եկեղեցական ավանդույթի համաձայն՝ այն չի սահմանափակվում վարչական գործընթացով, այլ ընկալվում է որպես աստվածաբանական նշանակություն ունեցող արարողակարգ․ Եկեղեցում հայրապետի ընտրությունը դիտարկվում է նաև որպես Սուրբ Հոգու առաջնորդությամբ իրականացվող հոգևոր ընտրություն։ Հայոց կաթողիկոսի ընտրությունը բացարձակապես տարբեր է քաղաքական ընտրություններից, որոնցում որոշիչը քվեարկության արդյունքն է, այլ ոչ թե հոգևոր հեղինակությունը։
Ի տարբերություն վերը ասվածի՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ընտրությունը կատարվում է քաղաքական գործիքակազմով և արտահայտում է միայն ՀՀ քաղաքացիների կամքը։ Այդ քաղաքացիները, ըստ սահմանադրական կարգի, կարող են ունենալ տարբեր կրոնական պատկանելություն կամ ընդհանրապես չլինել որևէ դավանանքի հետևորդ, ավելին՝ կարող են լինել օտարազգի։ Հետևաբար՝ առաջանում է տեսական հակասություն․ արդյոք ընտրական համակարգը, որ ներառում է բազմադավան, երբեմն նաև հակաեկեղեցական հայացքներ ունեցող անձանց (այդ թվում նաև օտարազգի) կարո՞ղ է որոշել մի բազմադարյա հոգևոր կառույցի ղեկավարի ճակատագիրը։
Այս խնդիրը նոր չէ պատմության մեջ։ Խորհրդային շրջանում պետությունը փորձել է վերահսկել Հայոց Եկեղեցու գործունեությունը՝ սահմանափակելով նրա ինքնավարությունը։ Արխիվային նյութերը վկայում են, որ մեր Եկեղեցու առաջնորդներն աստվածամերժության այդ տարիներին դիտարկվում էին որպես «քաղաքական գործոն»։ Այսպես՝ ըստ ԽՍՀՄ պետական անվտանգության մարմինների՝ Հայոց կաթողիկոսի գործունեությունը թեև կրոնական բնույթ ուներ, սակայն ազդեցությամբ դուրս էր գալիս եկեղեցական շրջանակից և կարող էր ունենալ հասարակական-քաղաքական հետևանքներ։ Այս փաստը վկայում է, որ նույնիսկ ամբողջատիրական (տոտալիտար) համակարգում Եկեղեցու նկատմամբ վերահսկողությունն իրագործվել է ապօրինաբար՝ անհամաչափ ուժի գործադրմամբ, ինչը հետագայում գնահատվել է որպես հիմնարար իրավունքի՝ կրոնական ազատության կոպտագույն խախտում։
Ժամանակակից միջազգային կառույցներն ու իրավական փաստաթղթերը հստակ սահմանում են կրոնական հաստատության և քաղաքական իշխանությունների հարաբերությունների հիմքերը։ Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիաները երաշխավորում են խղճի և կրոնի ազատություն, որոնք ներառում են նաև հոգևոր կառույցների ինքնակառավարման իրավունքը, քանզի կրոնական համայնքների ինքնավարությունը կրոնական ազատության առանցքային բաղադրիչներից է։
Միանշանակ է, որ Հայոց կաթողիկոսի ընտրության/պաշտոնանկության հարցը քաղաքական գործընթացի մաս դարձնելու փորձն առաջացնում է իրավական լուրջ խնդիրներ, քանի որ այն ենթադրում է քաղաքական իշխանության անօրինական միջամտություն Եկեղեցու ներքին գործերին՝ «հիմնավորված» անհասկանալի բարենորոգության չարածին նպատակով։
Ի վերջո՝ ժողովրդավարությունը, լինելով կառավարման արդյունավետ և առաջադեմ ձև քաղաքական ոլորտում, չի կարող արհեստականորեն պարտադրվել հնադարյա հոգևոր կառույցին, որն ունի կառավարման իր կանոնակարգն ու ավանդույթները՝ ներդաշնակ դավանաբանական, ծիսաարարողակարգային և կանոնական համակարգերին։
Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացների շրջանակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկության/ընտրության խնդիրը ներառելը հանգեցնում է իրավական հիմնարար հակասությունների՝ վիճարկելի նաև միջազգային իրավական ատյաններում։
Ուստի՝ վերոնշյալ հարցը չի կարող դիտարկվել որպես քաղաքական որոշման առարկա, քանի որ այն բոլորովին այլ՝ ինքնուրույն և պատմականորեն ձևավորված, նաև համահայկական ու հոգևոր հիմքերի վրա խարսխված իրավակարգի ծիրում է։
Հ․Գ․ Սփյուռքահայությունը, այդ թվում՝ հոգևորականությունը, ինչպես նաև սփյուռքահայ գործիչները, թեմական, ծխական, հասարակական և մշակութային կառույցները պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, քանզի ՀՀ իշխանությունների եկեղեցահալած և ապազգային քաղաքականությամբ առավելապես անտեսվում և հիմնովին ոտնահարվում են իրենց իրավունքները»։









