Foto

Սի Ծինփինը կոչ է արել ապահովել կանոնավոր նավագնացությունը Հորմուզի նեղուցում

Չինաստանն անհրաժեշտ է համարում Հորմուզի նեղուցում կանոնավոր ազատ նավագնացության ապահովումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սաուդյան Արաբիայի վարչապետ թագաժառանգ Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո:

«Չինաստանը հանդես է գալիս (ԱՄՆ-ի և Իրանի միջև) կրակի և ռազմական գործողությունների անհապաղ և լիակատար դադարեցման օգտին, հավանություն է տալիս այն բոլոր ջանքերին, որոնք նպաստում են խաղաղության վերականգնմանը, պնդում է, որ տարաձայնությունները լուծվեն քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով», – մեջբերում է Չինաստանի ղեկավարի խոսքը երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Սի Ծինփինն ընդգծել է, որ «Հորմուզի նեղուցի բացումը կանոնավոր նավագնացության համար» համապատասխանում է «տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերին»:

Չինաստանի նախագահը վերահաստատել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների զարգացմանը, մշտապես հավատարիմ է փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքներին: Նա հիշեցրել է, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման 10-ամյակը: Սի Ծինփինի խոսքով՝ Պեկինը պատրաստ է օգտվել այս հնարավորությունից՝ կապերի, վստահության և գործնական համագործակցության խորացման և բոլոր մակարդակներում շփումների ընդլայնման համար: