Foto

Պաշտոնական պատասխան. ՀՖՖ-ն արձագանքել է Ուրարտուի հայտարարությանը

ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանն արձագանքել է «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի հայտարարությանը։

«Ի պատասխան  «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի՝ Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Ուրարտու» — «Ալաշկերտ» հանդիպման վերաբերյալ հայտարարությանը՝ նշում եմ, որ ՀՖՖ-ն կարևորում է ակումբների բարձրաձայնած հարցերը, բայցև ընդգծում՝ նման թեմաները պետք է քննարկվեն մասնագիտական և կառուցողական դաշտում։

Մրցավարության որակի բարելավումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Բոլոր հանդիպումները ենթարկվում են մանրամասն վերլուծության, և անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան քայլեր։

ՀՖՖ-ն առաջնորդվում է բացառապես հավասարության, անկողմնակալության և արդար մրցակցության սկզբունքներով։ Ես հրավիրում եմ «Ուրարտուի» ներկայացուցիչներին ՀՖՖ՝ մեր մասնագետների հետ միասին քննարկելու վերոնշյալ հանդիպման յուրաքանչյուր վիճահարույց դրվագ, որը կասկածի առիթ կարող է լինել։

ՀՖՖ-ն շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ապահովելով առաջնության թափանցիկությունն ու արդար մրցակցային միջավայրը։

Մենք հասկանում ենք, որ առաջնության վերջնամասում չեմպիոնության համար պայքարը չափազանց լարված է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է բոլոր ակումբների հետ կառուցողական և պրոֆեսիոնալ քննարկման՝ մրցավարական ցանկացած վիճելի հարցի վերաբերյալ։

Համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի և երկխոսության միջոցով հնարավոր է ապահովել հայկական ֆուտբոլի կայուն զարգացումն ու առաջնության բարձր մրցակցային մակարդակը», — Պետրոսյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։