ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են կապեր պահպանել պակիստանցի միջնորդի միջոցով՝ չնայած ապրիլի 11-12-ին Իսլամաբադում կայացած բանակցություններում համաձայնության չհասնելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ճեպազրույցի ժամանակ։
«Կիրակի օրվանից ի վեր, երբ իրանական պատվիրակությունը վերադարձավ Թեհրան, մի քանի հաղորդագրություն է փոխանակվել Պակիստանի միջոցով», – նրա խոսքերն է մեջբերում Al Jazeera-ն։
Բաղային հավելել է, որ ամենայն հավանականությամբ այսօր՝ ապրիլի 15-ին, Թեհրան կժամանի պակիստանյան պատվիրակություն՝ որպես Իսլամաբադի բանակցությունների շարունակություն։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն Թեհրանի և Վաշինգտոնի դիրքորոշումները:









