Foto

Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը եզրափակիչ նախապատրաստական փուլն է անցնում ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ։ Այսօր՝ ապրիլի 14-ին կայացած բաց մարզման ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է կատարված աշխատանքն ու վերջակետ դրել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի շուրջ շրջանառվող խոսակցություններին։

Պատրաստվածությունն ու երիտասարդացված կազմը

Մարզչի խոսքով՝ թիմն անցել է նախապատրաստական 4 լիարժեք փուլ, որոնց ընթացքում հասցրել է մասնակցել միջազգային երկու մրցաշարի, ինչպես նաև Մ23 Եվրոպայի առաջնությանը։ Չնայած մարզական գործընթացին բնորոշ մանր վնասվածքներին՝ հավաքականի ընդհանուր պատրաստվածությունը գնահատվում է դրական. գլխավոր ստուգատեսը մրցագորգն է լինելու։

Բաբալարյանն ընդգծել է, որ Տիրանա է մեկնում երիտասարդացված կազմ։ Թիմում ընդգրկվել են նաև վերջերս Եվրոպայի Մ23 առաջնությունում փայլած և ոսկե մեդալ նվաճած Սուրեն Աղաջանյանն ու բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը։ Թեև երիտասարդ ըմբիշները լիարժեք վերականգնվելու քիչ ժամանակ են ունեցել, սակայն այս փուլում համարժեք փոխարինողների բացակայության պայմաններում որոշում է կայացվել նրանց վստահել մեծահասակների պայքարում իրենց դրսևորելու հնարավորությունը։

Հստակեցում Արթուր Ալեքսանյանի կարգավիճակի վերաբերյալ

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանի բացակայությունն էր։ Գլխավոր մարզիչը խստորեն հորդորել է լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և փաստերն աղավաղելուց։

«Խնդրում չաղավաղել․ Արթուրը Գերմանիայում մեկամսյա բուժման կուրս է անցել և այժմ արդեն վերադարձել է թիմ։ Նա գորգի վրա է, ակտիվորեն մարզվում է և զուգահեռ շարունակում վերականգնողական գործընթացը։ Ուզում եմ հստակ ընդգծել՝ Ալեքսանյանը բաց է թողնում միայն և միայն Տիրանայում կայանալիք այս Եվրոպայի առաջնությունը։ Խոսք անգամ չկա մեկ տարվա դադարի կամ աշխարհի առաջնությունը բաց թողնելու մասին։ Խնդրում եմ անտեղի ենթդրություններ չանել և կենտրոնանալ իրական փաստերի վրա»,- լրագրողների հետ զրույցում նշել է Բաբալարյանը։

Տիրանայում 97 կգ քաշային կարգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի աշխարհի Մ-23 չեմպիոն Հայկ Խլոյանը, որն, ըստ մարզչի գնահատականի, այս պահին գտնվում է հիանալի մարզավիճակում։

Հայաստանի հավաքականի հայտացուցակը ԵԱ-ում

Ալբանիայում կայանալիք առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա ամբողջական կազմով․ 55 կգ՝ Մանվել Խաչատրյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Գասպար Տերտերյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Գևորգ Թադևոսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Ալբերտ Վարդանյան։